ՀՅԴ ներկայացուցիչները Ֆրանսիայի Ազգային ժողովում քննարկել են Արցախի, հայ գերիների և Հայաստանի անվտանգության հարցերը

12 Հոկտեմբերի 2026, 18:20

Քաղաքականություն

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի ընկերակցությամբ, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Օլիվիե Ֆորի հետ, ով պատրաստվում է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ այլ կուսակցական գործիչներ Հայաստանից և Ֆրանսիայից։

Հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանն իր շնորհակալությունն է հայտնել Օլիվիե Ֆորին՝ երկարամյա հայանպաստ գործունեության համար՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև տասնամյակների պատմություն ունեցող ջերմ ու եղբայրական հարաբերությունները։ Իր հերթին, Օլիվիե Ֆորը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները հայության համար կենսական հարցերը ֆրանսիական քաղաքական օրակարգում պահելու ուղղությամբ:

Զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել երկու կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների վերաբերյալ, քննարկել արցախահայության վերադարձի իրավունքի, ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրների միջազգայնացմանն ուղղված քայլերը։ Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ տարբեր ոլորտներում քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունն առավել խորացնելու վերաբերյալ։

Հանդիպումից հետո Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ղեկավարն իր X-ի միկրոբլոգում անդրադարձել է քննարկված առանցքային թեմաներին՝ անդրադառնալով նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին.

«Դաշնակցություն կուսակցության (Հայաստանի ընկերվար կուսակցություն) իմ գործընկեր Իշխան Սաղաթելյանի և այդ կուսակցության Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ միասին քննարկեցինք ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ողբերգական ճակատագիրը, Արցախի հայերի վերադարձի իրավունքը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական իրավիճակը, որտեղ գործող իշխանությունները թուրքական և ադրբեջանական ճնշումների ներքո հակված են զիջումների գնալ նույնիսկ սեփական Սահմանադրության հարցում»։