Հիմա Սփյուռքը որբ երեխա է, որն իր ծնողից՝ հայրենի իշխանությունից, առանձին է գործում. Հրաչ Ասլանյան
28 Հունիսի 2023, 19:01
Հիմա Սփյուռքն, ասես, որբ երեխա լինի, որն իր ծնողից առանձին փորձում է իր հայապահպան գործունեությունը ծավալել՝ առանց ծնողի հետ համաձայնեցնելու, այդուհանդերձ, շարունակում է իր արդյունավետ գործունեությունը: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ նման գնահատական է տվել ՀՀ նախկին Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության 2009-2015 պետ Հրաչ Ասլանյանը:
«2018 թվականից հետո Սփյուռքի հայկական կազմակերպությունները ինքնուրույն են իրենց աշխատանքներն իրականցնում: Այդ գործին լծվում են զուտ հայրենասիրության զգացումից, անում են այն, ինչ պիտի անի հայ մարդը, բայց ըստ իս՝ Հայաստանից ուղղորդում, կարգավորում չեն ստանում», — համոզված է Հրաչ Ասլանյանը, որը ժամանակին եղել է հայկական համայնքների աշխատանքը համակարգողներից մեկը:
Ասլանյանի կարծիքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ համայնքներում , ոչ թե ՀՀ դեսպանությունների կամ արտգործնախարարության ջանքերի շնորհիվ է, այլ լոբբիստների, համահայկական կազմակերպությունների: Նախկին պաշտոնյայի խոսքով՝ այդ աշխատանքը ժամանակին համակարգում էր Սփյուռքի նախարարությունը:
«Մենք ունենք մեծ ներուժով Սփյուռք, որի աշխատանքը պետք է ճիշտ կազմակերպել, քանի որ Արցախի փրկությունը պայմանավորված է նաև մեր ամուր Սփյուռքի համակարգված գործունեությամբ: Դրսի հայերը կարող են բարձրացնել այնպիսի հարցեր, որոնք մեր դիվանագետները չեն կարող անել՝ հաշվի առնելով, որ նրանք տվյալ երկրի քաղաքացիներ են և իրավունք ունեն պահանջներ ներկայացնել իրենց երկրի իշխանությանը, որոնց ընտրել են», — նկատում է Հրաչ Ասլանյանը:
Կան երկրներ, որտեղ 5-10 հայ կա, բայց քանակը որակով պայմանավորված չէ: Նրանք անում են այնպիսի աշխատանք, որոնք մի քանի հազար հայ միասին կարող է անել: Հրաչ Ասլանյանը օրինակ է բերել աֆրիկյան Բենինի Հանրապետությունում ապրող ֆրանսահայ Չիֆտեյանների մեծ ընտանիքը:
Նրանք երկար տարիներ առաջ են այնտեղ տեղավորվել ու դարձել են Բենինի ամենախոշոր սուպերմարկետների ցանցի սեփականատերերը, ունեն գործարաններ, հյուրանոցներ: Նրանք այդ երկրում ունեն լուրջ կշիռ և մտերիմ հարաբերությունների մեջ են երկրի ղեկավարության հետ: Այդ ընտանիքն անում է շատ մեծ համայնքային կառույցի գործ:
Մանրամասները՝ տեսանյութում: