Ասում են՝ քանդման հիմք կա, բայց պայմանագիրս երկարացրել են մինչև 2029 թվականը․ ակցիայի մասնակից

12 Հոկտեմբերի 2026, 13:36

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի և քարտուղարության պետ տիկին Յավրյանի հետ հանդիպման ընթացքում ինձ ասել են, որ խանութների քանդման համար իրավական հիմքեր կան։ Այս մասին հայտնել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի խանութներից մեկի սեփականատերը։

Նշենք, որ քաղաքապետարանն իրականացնում է ինքնակամ տեղադրված կրպակների և ապօրինի շինությունների (համայնքային հողերի վրա կառուցված խանութների) ապամոնտաժման աշխատանքներ։

«Նրանք ասացին, որ այսօր քաղաքապետի և փոխքաղաքապետի մասնակցությամբ ինչ-որ ժողով է եղել։ Նշեցին, որ քաղաքապետն առավոտյան անդրադարձել է բոլոր փաստաթղթերին և հայտարարել, որ իր ներկայացրած բոլոր փաստաթղթերի ու որոշումների համար իրավական հիմքեր կան»,- ասել է ակցիայի մասնակիցը։

Նա միաժամանակ նշել է, որ չի հասկանում՝ ինչպես կարող է իրավական հիմք լինել, եթե քաղաքապետն օրենքով չի կարող սեփական գույքն ապամոնտաժել։

«Ինձ ասում են՝ վարձակալության ժամկետը լրացել է։ Նույնն ասում են նաև մեր մյուս ընկերոջը։ Բայց իմ դեպքում հողի վարձակալության պայմանագիրն ընդամենը երեք ամիս առաջ է երկարաձգվել՝ մինչև 2029 թվականը։ Քաղաքապետն անձամբ լիազորել է թաղապետին, նա եկել է ինձ հետ նոտարի մոտ, և պայմանագիրը երկարացրել ենք։

Սկզբում աշխատակազմի ղեկավարն ասաց, որ բոլոր գույքերն առանձին-առանձին ուսումնասիրել են, և յուրաքանչյուրի քանդման համար իրավական հիմք կա։ Բայց երբ տեսավ իմ փաստաթուղթը, սկսեց այլ կերպ խոսել»,- ասել է ակցիայի մասնակիցը։

Հիմա եթերում