Բանավոր որոշմամբ քանդում են օրինական տարածքները. ահազանգում են տնտեսվարողները
12 Հոկտեմբերի 2026, 12:48
«Եթե իմանայինք՝ անօրինական քայլ ենք արել, չէինք հավաքվի ու բողոքի ձայն չէինք բարձրացնի»։ Այս մասին հայտարարել է Շինարարների փողոցի խանութի տերերից մեկը՝ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
Քաղաքացու պնդմամբ՝ տեղական իշխանությունները, խախտելով նախնական պայմանավորվածություններն ու օրենսդրական նորմերը, անցել են նաև օրինական գրանցում ունեցող տարածքների քանդմանը։
«Անօրինականը քանդեցին՝ ձայն չհանեցինք, բայց սրանք օրինական են։ Մենք ունեցել ենք անօրինական տարածք, մի հատ ընդամենը, որը որ քանդել են՝ ձայն չենք հանել։ Ասել ենք՝ դե լավ, անօրինական է եղել, քանդեք։ Բայց մենք այսքան ժամանակ մեր ողջ տարածքի համար հարկերը վճարել ենք, ունենք բոլոր օրինական փաստաթղթերը, որոնք տրվել են պետության կողմից»,- ասել է ակցիայի մասնակիցը։