Փորձելով վերացնել հայկական հետքը. Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը
01 Հուլիսի 2023, 19:35
Ադրբեջանը բացահայտ կերպով վերացնում է հայկական պատմամշակութային հետքն ու զոհված ազատամարտիկների շիրիմները:
44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման տարատեսակ գործողություններ է իրականացնում՝ փորձելով վերացնել հայերի հետքը մեր պատմական հողից և յուրացնել մշակութային արժեքները:
Alpha Newsroom-ն ուղիղ եթերում տեսակապով զրուցել է Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի հետ:
Նա տեղեկացրել է, որ վերջերս Ադրբեջանն անցկացրել է «Կովկասյան Աղվանք» 10-րդ գիտաժողովը, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի մասնագետներ:
«Այդպիսով փորձ է արվում գիտական, ակադեմիական շրջանակներում ամրապնդել իրենց առաջ քաշած թեզը, թե Արցախի պատմամշակութային ժառանգությունն աղվանական արմատներ ունի», — մտահոգություն է հայտնել Լուսինե Ղարախանյանը և նշել, որ դեռևս հաջողության չեն հասել:
Նրա համոզմամբ՝ պաշտոնական Բաքուն շատ հետևողական քաղաքականություն է վարում հայկական ժառանգությունն իրենով անելու համար:
«Ադրբեջանը ցուցադրաբար ոչնչացնում է արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմները, բոլորովին վերջերս էլ գետնին է հավասարեցրել Հադրութի Առաքել գյուղի գերեզմանները: Ադրբեջանցիներն իրենց համարում են աղվանցիների հետնորդներ և նենգաբար աշխատում են պղծել մեր վանքերն ու եկեղեցիները»,- ասել է Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարը:
Alpha News-ի զրուցակցի փոխանցմամբ՝ 9-րդ դարով թվագրվող Ծիծեռնավանքում, Հադրութի Վանք գյուղի` 14-րդ դարից եկող եկեղեցում թշնամին ծիսակարգ է իրականացրել և պղծել դրանք:
«Մենք տոտալ ահաբեկության ենք ենթարկված: Բռնություն են գործադրում թե՛ մեր ինքնության վրա, թե՛ հոգևոր արժեքների, թե՛ մեր ֆիզիկական գոյության վրա», — շեշտել է Ղարախանյանը:
Հարցազրույցը կարճ է տևել, քանի որ հովհարային անջատումների պատճառով Արցախի հետ կապն ընդհատվել է:
Մանրամասները՝ տեսանյութում` 01:42:50-ից մինչև 01:57:51