Երկնքի հրամանատարը. Սերգեյ Սարդարովի ծառայությունն ու կյանքը

29 Ապրիլի 2025, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սերգեյ Սարդարովն ավիացիայի գեներալ-գնդապետ է, Հայրենական մեծ պատերազմի վետերան:

Սարդարովը ծնվել է 1909թ.-ի փետրվարի 25-ին Արցախի Ելիզավետպոլի նահանգի Ազոխ գյուղի բազմազավակ հայ ընտանիքում: 1918 թվականին, փախչելով Քաղաքացիական պատերազմի արյունահեղությունից, ընտանիքը տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ Սարդարովն ավարտել է դպրոցը, աշխատել որպես փականագործ և սովորել աերոակումբում։ 1929 թվականին ավարտել է Աշխատանքային ֆակուլտեը և ընդունվել Մոսկվայի մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտ։

1931-ին, կուսակցական մոբիլիզացիայի միջոցով, Սերգեյ Սարդարովը միացել է Կարմիր բանակին, այնուհետև ավարտել է Լենինգրադի ռազմա-տեսական դպրոցը և օդաչուների դասընթացները Կաչայի ավիացիոն դպրոցում: Ծառայությունը սկսել է Հեռավոր Արևելքում, որտեղ անցել է օղակի հրամանատարից մինչև կործանիչ ավիացիոն գնդի հրամանատար։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Սերգեյ Սարդարովը ղեկավարում էր 965-րդ կործանիչ ավիացիոն գունդը, ավելի ուշ դարձել է 123-րդ կործանիչ դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ Նրա ղեկավարությամբ ՀՕՊ ստորաբաժանումները պաշտպանում էին ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներն ու արդյունաբերական կենտրոնները՝ Արխանգելսկը, Գրոզնին, Նովոռոսիյսկը, Թամանը, Ղրիմը և Ռումինիան։ Կատարել է շուրջ 600 մարտական թռիչք։ 1944-ին Սարդարովը պարգևատրվել է Կարմիր Աստղի շքանշանով՝ ենթակաների ակնառու մարտական պատրաստության համար:

Պատերազմից հետո Սերգեյ Սարդարովը շարունակել է ծառայությունը ԽՍՀՄ ՀՕՊ համակարգում, որտեղ հասել է ավիացիայի գեներալ-գնդապետի կոչմանը։ Ղեկավարել է ՀՕՊ կորպուսը, այնուհետև՝ Մինսկում ՀՕՊ 2-րդ առանձին բանակը։ Յուրացրել է ռեակտիվ ավիացիան, ավարտել է Կ․ Ե․Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան։

1966 թվականին Սարդարովը դարձել է Կալինինի ՀՕՊ ռազմական հրամանատարական ակադեմիայի պետի տեղակալ։ 1971 թվականի փետրվարին առողջական պատճառներով ազատվել է պահեստազորից և տեղափոխվել է Մինսկ։ Սերգեյ Սարդարովը ԽՄԿԿ անդամ էր 1930 թվականից, Բելառուսական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Բելառուսի Կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամ:

Սերգեյ Սարդարովը կյանքից հեռացել է 1987 թվականի սեպտեմբերի 6-ին: