Նովոռոսիյսկ քաղաքի հիմնադիր Լազար Սերեբրյակովի հիշատակին նվիրված հուշատախտակ՝ Գավառում

06 Հունիսի 2025, 17:00

Մշակույթ

Գավառում տեղի է ունեցել հայազգի ականավոր ռուս ծովակալ, Նովոռոսիյսկ քաղաքի հիմնադիր, ռուս-թուրքական երկրորդ պատերազմի հերոս Լազար Սերեբրյակովի հիշատակին նվիրված հուշատախտակի հանդիսավոր բացումը: Ինչպես հաղորդում է ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, արարողությանը ներկա էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն, ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ինչպես նաև քույր քաղաքների պատվիրակություններ:

Գավառի ղեկավարը հայտնել է, որ հուշատախտակի բացումը ոչ միայն հարգանքի տուրք է պատմական ժառանգությանը, այլև կարևոր քայլ է Գավառի և Նովոռոսիյսկի միջև եղբայրական կապերի ամրապնդման գործում։ Վերջին տարիներին քաղաքների միջև համագործակցությունն ակտիվորեն զարգանում է՝ բացելով նոր համատեղ նախագծերի, մշակութային փոխանակման և մարդասիրական համագործակցության հեռանկարներ։

Նովոռոսիյսկի քաղաքապետը նշել է այս իրադարձության կարևորությունն՝ ընդգծելով, որ Սերեբրյակովի նման նշանավոր մարդկանց մասին հիշողության պահպանումն օգնում է ամրապնդել ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերը:

Արարողության ավարտին քույր քաղաքների ղեկավարները համատեղ եղևնի են տնկել, ինչը խորհրդանշում է տարիների ընթացքում միայն ավելի ամուր դարձած բարեկամությունը: