Ես չգիտեմ՝ ձեր մոտ ինչ է կատարվում, ձեր վարչապետը մեկ մեզ հետ է, մեկ՝ ոչ այնքան․ Ալեքսանդր Ադաբաշյան

12 Հունիսի 2025, 15:45

Կարծիք | Հայեր

Հայազգի հայտնի դերասան, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոդրամատուրգ, ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Արցախ կատարած իր այցի մասին:

«Ֆիլմի նկարահանումների ժամանակ եղել եմ Լեռնային Ղարաբաղում, ամեն ինչ շատ հետաքրքիր էր և շատ բարդ։ Բացի պատմական մասից, ես այնտեղ հաղորդավար էի, տեքստ էի կարդում։ Եվ մենք այնտեղ շփվեցինք մարդկանց հետ, և ես հասկացա, որ ամեն ինչ շատ դժվար է, նույնիսկ այն ժամանակ: Հիմա կարծում եմ, էլ ավելի դժվար է: Թե որ թիվն էր, չեմ հիշի, բայց նոր-նոր էր ավարտվել պատերազմի թեժ փուլը», — ասել է նա։

Հարցին, թե հետևում է արդյոք ներկա իրավիճակին, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Ադաբաշյանը նշել է.

«Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այնտեղ պարբերաբար անհետանում ու հայտնվում է ձեր վարչապետը։ Մեկ նա կարծես մեզ հետ է, մեկ՝ ոչ, մեկ Արևմուտքում է, մեկ՝ ոչ։ Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպիսին են երկրում իրական տրամադրությունները։ Դա ինձ հայտնի չէ, ես այնտեղ հարազատներ չունեմ, ուստի այլ շփում չկա։ Միակ մարդը, ում հետ արցախահայերից շփվել եմ, Ռոման Բալայանն էր, ես նրա մոտ մի քանի ֆիլմերում եմ նկարահանվել։ Բալայանը շատ հայտնի ուկրաինացի ռեժիսոր է, ես նրա մոտ երեք ֆիլմում եմ նկարահանվել», — ընդգծել է նա։