Թրամփը չի ցանկանում՝ Ամերիկան մասնակցի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմին. Պավել Դուբրավսկի
17 Հունիսի 2025, 21:30
Քաղտեխնոլոգ, «Դուբրավսկի Քոնսալթինգ»-ի ղեկավար Պավել Դուբրավսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես կվարվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափն Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունում:
«Թրամփը երկու կրակի արանքում է։ Մի կողմից նեոկոնսերվատորները, ռազմատենչներն ու «բազեները» շատ են ճնշում նրան։ Մենք տեսնում ենք, որ Լինդսի Գրեմը, որը Ռուսաստանի օրենսդրությամբ ճանաչվել է ծայրահեղական և ահաբեկիչ, պնդում է, որ ԱՄՆ-ը ռմբակոծի Իրանը: Ակնհայտ է, որ այստեղ կա Հանրապետական կուսակցության իսթեբլիշմենթի ազդեցությունը։ Մյուս կողմից երկրորդ կրակը ներկայիս պահպանողականներն են, այդ թվում՝ նոր լրատվամիջոցները։ Հիշեցնեմ, որ Մայքլ Նոուլզը, Քենդիս Օուենսը, Թաքեր Կարլսոնն այն մարդիկ են, որոնք դատապարտել են Դոնալդ Թրամփին և ասել, որ ԱՄՆ-ը ոչ մի դեպքում չպետք է մասնակցի այս ռազմական հակամարտությանը», — ասել է Դուբրավսկին։
Փորձագետի կարծիքով՝ այն բանից հետո, երբ Իսրայելն Իրանին առավելագույն վնաս կհասցնի, Թրամփը ճնշում է գործադրելու Իրանի վրա և պնդելու է միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը:
«Ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հետևյալ քայլերին․ նա ցանկանում է սպասել, մինչև Իսրայելը հասցնի Իրանին առավելագույն վնաս, և դրանից հետո, ուժի դիրքերից, պնդել համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը, որպեսզի Իրանն այլևս միջուկային զենք չունենա։ Այսինքն՝ նրա խնդիրն է այս առումով սպասել, տեսնել, թե ինչպես է դա հաղթահարելու Իսրայելը, իսկ հետո արդեն ճնշում գործադրել Իրանի վրա։
Ինքը՝ Դոնալդ Թրամփը, հաստատ չի ցանկանում, որ ամերիկյան զորքերը կամ ընդհանրապես ամերիկյան սպառազինությունը մասնակցեն այս պատերազմին։ Առաջին ժամկետի նրա հիմնական նվաճումներից մեկն այն էր, որ իր կառավարման ընթացքում ԱՄՆ-ը չորս տարվա ընթացքում ոչ մի անգամ ուղղակիորեն չի մասնակցել ռազմական հակամարտություններին, և նա ցանկանում է կրկնել այս նվաճումը, նրա համար դա շատ կարևոր է անձնական մակարդակում», — եզրափակել է Դուբրավսկին:
Մանրամասները՝ տեսանյութում։