Մտահոգիչ է, որ ՀՀ իշխանությունների կողմից մեղադրանքներ են հնչում ՀԱԵ ներկայացուցիչների հասցեին. Վախթանգ Կիպշիձե
18 Հունիսի 2025, 22:45
Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցու և հասարակության, ԶԼՄ-ների հետ փոխհարաբերությունների սինոդական բաժնի փոխնախագահ Վախթանգ Կիպշիձեն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու վերաբերյալ նրա հայտարարությունից հետո։
Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցչի խոսքով՝ եկեղեցին ցանկացած երկրում ունի ինքնավարություն և պետք է պաշտպանված լինի քննադատությունից։
«Մենք, իհարկե, շատ մտահոգված ենք այն ճնշմամբ և մեղադրանքներով, որոնք հնչում են Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, Գարեգին Բ-ի հասցեին Հայաստանի իշխանությունների կողմից։ Կարծում ենք, որ եկեղեցին ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում, ունի ինքնավարություն և պետք է պաշտպանված լինի քննադատությունից, որը դուրս է գալիս գործող օրենսդրության շրջանակներից: Եվ քանի դեռ եկեղեցին հետևում է բոլոր անհրաժեշտ օրենքներին և կանոնակարգերին, իշխանությունների կողմից եկեղեցու դեմ որևէ պահանջ չի կարող ներկայացվել»,- նշել է Վախթանգ Կիպշիձեն:
Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայում զարմացած են, որ եկեղեցուն աջակցողները կարող են նման վերաբերմունքի արժանանալ։
«Մեզ զարմացրեց նաև այն փաստը, որ մի շարք դիտորդներ նշում են կապը հայ հասարակական գործիչներից մեկի՝ գործարարի կողմից եկեղեցուն աջակցող հրապարակային հայտարարության և նրան կալանավորելու փորձի միջև։ Եթե այդ կապն իսկապես գոյություն ունի, ապա առավել զարմանալի է, որ մարդիկ, որոնք պաշտպանում են Եկեղեցին՝ որպես հայ հասարակության գլխավոր և ամենահեղինակավոր հանրային ուժ, կարող են ենթարկվել նման վերաբերմունքի»,-հայտարարել է Կիպշիձեն։
Մանրամասները՝ տեսանյութում։