Ես Գրիգորյանն եմ. հայ կինոպոետի տարեգրությունները

03 Հուլիսի 2025, 22:00

Հայեր

Լևոն Հրաչյայի Գրիգորյան՝ անուն, որը ծանոթ է հայկական և խորհրդային կինեմատոգրաֆով հետաքրքրվողներին: Ծնվել է 1942թ. հուլիսի 3-ին Երևանում։ Նա դարձել է այն ռեժիսորներից ու սցենարիստներից մեկը, որի ստեղծագործությունը ոչ միայն արտացոլել է մի ամբողջ ժամանակաշրջան, այլև նպաստել դրա մշակութային դիմագծի ձևավորմանը։

1968թ. ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, այնուհետև ԽՍՀՄ Պետական կինոյի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (1970թ.), Գրիգորյանը կարիերան սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նախ որպես ասիստենտ, ապա՝ անկախ ռեժիսոր: Նրա ֆիլմերն առանձնանում էին նուրբ հոգեբանական խորությամբ, մարդկային հոգու հանդեպ ուշադրությամբ։

Նրա առաջին նշանակալի աշխատանքներից էր «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմը (1975 թ.), որտեղ նա հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ Հայ գրական դասականների վրա հիմնված այս ֆիլմը խորհրդային կինոյում համարվել է ազգային արմատներին վերադառնալու խորհրդանիշ: 1982 թ-ին նա նկարահանել է «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմը՝ մանկության, հիշողության և սերունդների շարունակականության մասին։ Այս ֆիլմում Գրիգորյանը խաղացել է դերերից մեկը:

Հետաքրքիր փաստ. Լևոն Գրիգորյանը բազմիցս անդրադարձել է Սերգեյ Փարաջանովի կերպարին. նրա «Ես Սերգեյ Փարաջանովն եմ» (2001 թ.) և «Փարաջանովի կոդը» (2002 թ.) ֆիլմերը ոչ միայն հարգանքի տուրք էին մեծ վարպետին, այլև փորձ՝ հասկանալու արվեստագետի ճակատագիրը անազատության պայմաններում։ Նա նաև նկարահանել է «Էրոսը և Թանատոսը» (2005) փիլիսոփայական կարճամետրաժ ֆիլմը, որն ուսումնասիրում է կյանքի և մահվան, կրքի և կորստի սահմանները:

Լևոն Գրիգորյանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է, ում անունն ասոցացվում է ինտելեկտուալ, խորը կինոյի հետ: Նրա ֆիլմերը պարզապես պատմություններ չեն, այլ մտորումներ մարդու, մշակույթի և ժամանակի մասին: