Ակնկալում ենք՝ ՀՀ-ն կփոխի իր Սահմանադրության տեքստը. Հիքմեթ Հաջիև

08 Հուլիսի 2025, 13:03

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Պատերազմն ավարտվել է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ կետեր:

Ամեն դեպքում, լավ է, որ մենք պահպանում ենք հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ալիքը։ Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք բացարձակապես բացահայտ, առանց որևէ միջնորդության։ Եվ մեր զրույցների օրակարգում կգտնեք իսկապես կարևոր գլուխներ։ Հիմնական փաստն այն է, որ ռազմական բախման տարրերը մնում են բացարձակապես օրակարգից դուրս»,- նշել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ երկրների միջև վեճ կա, բայց հարևան երկրների միջև վեճերը երբեմն բացարձակապես նորմալ են։

«Ի վերջո, մենք դա տեսնում ենք ԵՄ որոշ անդամ պետությունների միջև։ Բայց մենք ունենք դիվանագիտություն և երկխոսություն վեճերը լուծելու համար։ Եվ մեզ հաջողվել է Հայաստանի հետ հարաբերությունները ռազմական բախումից տեղափոխել վեճի։ Կարծում եմ՝ սա լավ նշան է», -ասել է Հաջիևը։