Սամվել Կարապետյանի աջակիցներից 10 անձ բերման է ենթարկվել. փաստաբան
08 Հուլիսի 2025, 15:32
Առավոտվանից համատարած խուզարկություններ են սկսվել, ինչպես ՀԷՑ-ի աշխատակիցների, այնպես էլ տարբեր քաղաքացիների բնակարաններում, որոնք, ըստ վարույթ իրականացնող մարմնի, մասնակցել են հուլիսի 4-ին տեղի ունեցած հավաքին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Խուզարկություններից հետո անձինք անմիջապես բերման են ենթարկվել քննչական բաժին։ Ժամը 9:20-ից փաստաբանները գտնվում են քաղաքի վարչության շենքի մոտ, թույլ չեն տալիս մասնակցեն իրենց վստահորդների մասնակցությամբ իրականացվող վարույթային գործողություններին։ Գիտենք, որ ձերբակալված են, որևէ այլ տեղեկություն չեն հայտնում։
Մի քանի անգամ զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Ժամը 9:20-ից էստեղ ենք, որևէ արձագանք չկար, թույլ չէին տալիս փաստաբաններին ներգրավել, հիմա նոր սկսեցին կանչել։ Կարծում եմ՝ աղմուկն էր պատճառը, որովհետեւ շուրջ 10 փաստաբան էինք այստեղ, սկսեցինք այս կողմ, այն կողմից զանգել։ Կամ էլ արդեն չակերտավոր ասեմ՝ երևի ինչ-որ հրահանգ կա։ Այս պահին ես 10 անձի վերաբերյալ տեղեկություն ունեմ, որ բերման են ենթարկել»,- նշել է Մարտիրոսյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ մարզերից ևս կան բերման ենթարկվածներ. «Տաշիր քաղաքից գիտենք, որ կան բերման ենթարկված անձինք, բերել են քաղաքի վարչություն։ Փաստաբանները դիմումները մուտք են արել քննչական վարչություն, բայց որևէ արձագանք, գործողություն չկար մինչև վերջին հինգ րոպեն»։
Հարցին՝ ինչո՞ւմ են նրանք մեղադրվում, Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, այս պահի դրությամբ դեռ նախնական տեղեկությունը դա է, որ հանրահավաքներին մասնակցելու հետ կապված, ինչ-որ ձայնագրություն է սոցիալական կայքերում։ Հիմա համատարած արատավոր բան է, ձայնագրություն են տարածում, թե ով է խոսում, ինչի մասին է այդ ձայնագրությունը, մոնտաժված է, թե ոչ, ինչ-որ կայքեր կան նորաստեղծ, որոնցով տարածվում են ձայնագրությունները»։