Հիմքեր են ստեղծում հաջորդիվ Վեհարան գնալու. փաստաբանն՝ այսօրվա ձերբակալությունների մասին
10 Հուլիսի 2025, 12:29
Մեկ ժամից ավելի է՝ փորձում եմ Քննչական կոմիտեի տարբեր մուտքերից մուտք գործել, բայց թույլ չեն տալիս ու որևէ հիմնավոր պատճառաբանություն չկա: Այս մասին Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Օրինական զենք են գտել, և պատրաստվում են հանրությանը ներկայացնել՝ չէր բացառվում և մեծ էր հավանականությունը, որ ձերբակալված անձինք կարող էին դրանով ահաբեկչական ինչ-որ գործողություններ անել: Փորձելու են մարդկանց նման կերպ շեղել ամոթալի փաստաթղթերից կամ խոստումներից, ինչպես նաև հիմքեր ստեղծելու հաջորդիվ Վեհարան գնալու»,- նշել է փաստաբանը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հարությունյանը ՄԻՊ-ից, նա նշել է. «Չունեմ սպասումներ՝ հատկապես հաշվի առնելով վերջին տարիների գործունեությունը: Գուցե լսենք հորդորներ կամ կոչեր, բայց դրանից ավելի ոչինչ չի լինի»: