Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին հայտարարությունը շատ միամիտ է. Դենիս Դենիսով

ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հավանականությունը, ԱՄՆ-ի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վարձակալելու հնարավորության մասին հայտարարությունը, ինչպես նաև Աբու Դաբիում Բաքվի և Երևանի միջև կայացած բանակցությունները։

«Տեսականորեն, իհարկե, Հայաստանը կարող է մտնել ԵՄ, բայց այստեղ պետք է հասկանալ, որ նմանատիպ հայտարարությունները, հատկապես 20 տարի հետո, շատ միամիտ են, շատ մակերեսային և պոպուլիստական։ Ինչպես տեսնում ենք ԵՄ պատմությունից, այս կառույցում տարբեր պետությունների ինտեգրման պատմությունից, այս գործընթացը կարող է շատ ավելի երկար տևել, բայց այդ ամենը կախված է քաղաքական կոնյունկտուրայից և կողմերի քաղաքական կամքից։ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունն ինտեգրումն է Եվրոպական միությանը։ Այժմ, ըստ տրամաբանության, այդ ընտրությունը պետք է ամրագրվի Սահմանադրության մեջ, նորմատիվ իրավական փաստաթղթերում, և այդ ժամանակ բավականին իրատեսական կլինի հայկական պետության նման ուղու շուրջ երկխոսության, քննարկումների սկիզբը»,- ասել է Դենիսովը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտենում է ավարտին, փորձագետը նշել է, որ Թրամփը նկատի ունի կամ հակամարտության սառեցում, կամ պարզապես դադարեցում, բայց հաստատ ոչ կարգավորում։

«Նրա այլ նախաձեռնությունների փորձից կարելի է ասել, որ նման հայտարարության հիմքում որպես մոլորակի խաղաղարար սեփական անձը ներկայացնելն է։ Այլ հարց է, որ նա չի հասկանում՝ ընդհանրապես ինչ կոնֆլիկտի մասին է խոսքը։ Բայց ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Թրամփի վարչակազմը բավականին լուրջ գործիքներ ունի՝ փորձելու կողմերին ստիպել ստորագրել թեկուզ ոչ այնքան տրամաբանական ու հասկանալի փաստաթուղթ, բայց, գլխավորը, որ այն ստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ Թրամփը ցանկանում է շատ արագ զեկուցել իր հաջող նախաձեռնությունների մասին։

Այսինքն, դա, իհարկե, հնարավոր է անել, պարզապես պետք չէ ինքներդ ձեզ հույսեր տալ, որ ԱՄՆ նախագահը կամ նրա աշխատակազմը խորությամբ կուսումնասիրեն հակամարտության էությունը և կփորձեն փոխզիջում գտնել։ Երբ Թրամփը խոսում է որևէ կարգավորման մասին, նա, առաջին հերթին, նկատի ունի կամ հակամարտության սառեցում, կամ պարզապես դադարեցում, բայց ոչ մի դեպքում կարգավորում, որովհետև ո՛չ նա, ո՛չ նրա վարչակազմը չունեն հայ-ադրբեջանականի նման հակամարտությունների խորության ըմբռնում»,- ասել է Դենիսովը։

Խոսելով ԱՄՆ-ի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը 100 տարով վարձակալելու ցանկության մասին, փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցության աճով։

«Եթե նման սխեմա իրականացվի, որ «Զանգեզուրի միջանցք»-ը 100 տարով կհայտնվի ԱՄՆ-ի վարձակալության տակ, ապա կարելի է պատկերացնել, թե ԱՄՆ-ի ինչպիսի ենթակառուցվածք կհայտնվի տարածաշրջանում։ Իհարկե, ԱՄՆ-ի համար սա կարող է լինել հետաքրքրագույն նախագիծ։ Այլ բան է, որ այս նախաձեռնությունը տարբեր կերպ են ընկալել և ապագայում կընկալեն առանցքային աշխարհաքաղաքական խաղացողները և պարզապես այն երկրները, որոնք գտնվում են այս տարածաշրջանում։ Մենք հրաշալի հասկանում ենք, որ եթե ամբողջական ենթակառուցվածք ստեղծվի, ներառյալ՝ ռազմականը, ապա այդ տարածքի միջոցով կարելի է, եթե ոչ վերահսկել հարևան երկրները, ապա, առնվազն, շատ արդյունավետ կերպով ազդեցություն գործել նրանց ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության վրա»,- ասել է Դենիսովը։

Քաղաքագետի խոսքով՝ դժվար թե արժե ակնկալել, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախաձեռնությունները մեծ ուրախությամբ կընդունվեն Իրանի կամ Ռուսաստանի կողմից։

«Երբ մենք ասում ենք, որ տվյալ միջանցքի գաղափարը լոբբինգի են ենթարկում ամերիկացիները կամ թուրքերը, դա չի նշանակում, որ այն միջանցքի ձևաչափի միակ ընկալումն է. դրանք լիովին տարբեր հայեցակարգեր են։ Մենք հիշում ենք՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կգործի ՌԴ-ի օպերատիվ կառավարման ներքո կամ, առնվազն, ՌԴ-ի աջակցությամբ։ Սակայն վերջին շրջանում հակամարտության կողմերը գնալով մոռանում են այդ մասին, և օրակարգում նոր նախաձեռնություններ են հայտնվում։ Դժվար թե արժե սպասել, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախաձեռնությունները մեծ ուրախությամբ կընդունվեն Իրանի կամ ՌԴ-ի կողմից, քանի որ այստեղ ամեն ինչ անցնում է աշխարհաքաղաքականության և նման գործիքների միջոցով տարածաշրջանի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն գործելու հարթություն»,- եզրափակել է Դենիսովը։

Փորձագետը մեկնաբանել է նաև Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունները։