Մեկ տեսչությունը չի կարող արդյունավետ վերահսկել հազարավոր ֆերմերների գործունեությունը ․ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար
04 Հունիսի 2026, 19:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը «ՊՄՏՀ-2026»-ի շրջանակում «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների հետ կապված խնդիրներին։ Նրա խոսքով՝ հանրապետության իշխանություններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն նախագծերին, քան հրատապ խնդիրների լուծմանը։
Դանկվերտի գնահատմամբ՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը փաստացի ստանձնել է Գյուղատնտեսության նախարարության գործառույթները, սակայն միայն սննդամթերքի անվտանգության մեկ ծառայությունը չի կարող արդյունավետ վերահսկել հազարավոր ֆերմերների գործունեությունը։ Արդյունքում, անհնար է ապահովել գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ և կայուն մատակարարումներ։
«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանում անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ։ Սակայն այն պաշտոնյաները, որոնք իրենց վրա են վերցրել Գյուղատնտեսության նախարարության լիազորությունները, մեզ հետ երբևէ կապի դուրս չեն եկել», — ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի, մի շարք միրգ-բանջարեղենի, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների ու ծաղիկների ներմուծումը։