Իրանի համար սա իսկական աղետ է. Հայալ Մուազինը՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև բանակցությունների հետևանքների մասին
08 Օգոստոսի 2025, 21:30
Իրանցի լրագրող Հայալ Մուազինն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, ինչ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից:
Փորձագետի խոսքով՝ Իրանի համար սա ոչ միայն բացասական սցենար է, այլ իսկական աշխարհաքաղաքական աղետ։
«Այս աղետը չի սահմանափակվում միայն Թեհրանի շահերով, այս իրավիճակը լուրջ մարտահրավեր կդառնա նաև Ռուսաստանի համար, քանի որ խոսքը ռազմավարական միջանցքի մասին է, որն անմիջականորեն ազդում է Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգության վրա։ «Զանգեզուրի հարցը» հնարավոր չէ լուծել Դոնալդ Թրամփի գալով։ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի՝ Զանգեզուրում ամրապնդվելու փորձը Իրանի կողմից կընկալվի որպես նրա կարմիր գծերի խախտում։ Եվ այստեղ Ռուսաստանը նույնպես պետք է լուրջ քայլեր ձեռնարկի։ Ռուսաստանը պետք է լուրջ քաղաքական որոշումներ ցուցաբերի», — ասել է Մուազինը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, փորձագետն նշել է, որ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում, երբ ԱՄՆ-ը խոսում է խաղաղության պայմանագրի մասին:
«Թրամփը ցանկանում է Նոբելյան մրցանակ ստանալ, և նա ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իրենք խաղաղության կողմնակից են։ Բայց աշխարհում բոլորը տեսան, որ երբ մենք բանակցում էինք նրանց հետ, նրանք հարձակվում էին Իրանի վրա, սպանում խաղաղ բնակիչների, բարձրաստիճան գեներալների և գիտնականների։ Այդ պատճառով այս համաձայնագիրը Կովկասում խաղաղություն չի բերի, ընդհակառակը՝ ավելի շատ քաոս կլինի, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», — եզրափակել է Մուազինը։