Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ ասոցացվել է հակամարտությունների և պատերազմների հետ. Վիկտոր Կիպիանի

15 Հուլիսի 2023, 18:25

Քաղաքականություն

Alpha News-ին տված հարցազրույցում Geocase վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանին մեկնաբանել է հայ-վրացական հարաբերությունները և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը:

«Ինչ վերաբերում է հայկական վեկտորին, այո՛, Հայաստանը հիմա սկզբունքային ընտրության առաջ է։ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի, այսպես ասած, որոշակի թուլությունը, երբ ի հայտ եկան տարբեր մեկնաբանություններ և տարընթերցումներ։ Կարծում եմ՝ հիմա Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում, որոնք, այդ թվում, կապված են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հետ։ Այժմ մենք տեսնում ենք նաև բանակցային գործընթացի ինտենսիվացում՝ տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Մենք հույս ունենք, որ այս տարվա վերջին որակական բեկում կլինի բանակցային գործընթացում, որը շատ կարեւոր է բոլորիս համար, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասը կապված է եղել հակամարտությունների, պատերազմների հետ», — ասել է Կիպիանին՝ հավելելով, որ, իհարկե, կցանկանար մեկընդմիշտ բռնել այն ճանապարհը, որը թույլ կտա բոլորիս դուրս գալ բացասական գնահատականների այս ծուղակից։

«Եթե մենք պրագմատիկ տեսանկյունից նայենք, ապա տարածաշրջանում նախատեսվում է մի շարք միջազգային նախագծերի իրականացում, դա նաև, այսպես կոչված, միջին միջանցքն է։ Իհարկե, կցանկանայի, որ Հայաստանն էլ միանար այդ գործընթացներին և անմասն չմնար տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից, որոնք կմոտեցնեն մեզ: Եվ ես՝ անձամբ, հույս ունեմ, որ բոլոր գործընթացները կնպաստեն ավելի մեծ փոխըմբռնմանը, կայունությանը և որակապես նոր հարաբերությունների հաստատմանը», — նշել է քաղաքագետը։

«Բացի մագիստրալային կուրսից, մեզ համար չափազանց կարևոր է բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլորի, այդ թվում՝ մեր վաղեմի գործընկերոջ և լավ հարևանի՝ Հայաստանի Հանրապետության հետ։ Դա ամենակարևորն է, դա կանխորոշում է մեր երկկողմ հարաբերությունների ընթացքը», — եզրափակել է Կիպիանին։