Սա ցուցադրական դատավարություն է և ճնշում եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14 Օգոստոսի 2025, 19:17
Այսօր Հայաստանի համար խայտառակ օր է։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարել է ամերիկացի իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Այսպես չեն դիմավորում 21-րդ դարը, այդպես չեն դիմավորում արհեստական բանականության դարաշրջանը։ Սա վերադարձ է Ստալինին, սա վերադարձ է ցուցադրական դատավարություններին։ Ես մի մարդ եմ, որ ավելի շատ դատավարություններ է տեսել, քան ձեզանից որևէ մեկը: Սա ցուցադրական դատավարություն է։
Բանն այստեղ ամենևին էլ պարոն Կարապետյանի պահվածքը չէ։ Այս ամենը բացառապես հանուն ներկայիս կառավարության քաղաքական շահերի է։ Ինչո՞ւ հարձակվել Հայաստանի եկեղեցու վրա, ի՞նչ հիմքով կարելի է հետապնդել Հիսուս Քրիստոսի հետևորդներին մի երկրում, որտեղ բնակչության 93%-ը եկեղեցու անդամ են։
Նախ մենք կսպասենք այսօրվա որոշմանը։ Այնուհետև կկազմենք գործողությունների ծրագիր ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Կարապետյանը Հայաստանում գերազանց փաստաբաններ ունի։ Ես հանդիպել եմ նրանց հետ և մեծ վստահություն ու հարգանք ունեմ նրանց նկատմամբ։ Ինձ համար պատիվ կլինի աշխատել նրանց հետ։ Հուսով եմ, որ կկարողանամ միանալ փաստաբանների թիմին հաջորդ դատական նիստին: Իսկ այն արդարացումները, որոնցով ինձ թույլ չտվեցին մասնակցել այս լսմանը, չափազանց անհամոզիչ էին», — նշել է Ռոբերտ Ամստերդամը։
Պատասխանելով ՀՀ մուտքի հնարավոր արգելքի մասին հարցին՝ նա նշել է․ «Գաղափար չունեմ։ Սա արդեն կառավարության գործն է, որը, կարծես թե, հարկ չի համարում պահպանել օրենքը»։