«Սադախլո» անցակետում կանխվել է շուրջ 225 հազար դոլարի ոսկու ապօրինի ներմուծումը Վրաստան
29 Հոկտեմբերի 2026, 20:50
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները հայ-վրացական սահմանին գտնվող «Սադախլո» անցակետում կանխել են շուրջ 225 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորների ապօրինի ներմուծման փորձը։
Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացին փորձել է Վրաստանի տարածք տեղափոխել տարբեր չափերի ոսկու ձուլակտորներ՝ դրանք թաքցնելով կոշիկների և գուլպաների մեջ՝ մաքսային վերահսկողությունից խուսափելու նպատակով։
Մաքսային ստուգման ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1 707 գրամ ոսկի, որը ենթակա էր պարտադիր հայտարարագրման։
Փորձագիտական գնահատման համաձայն՝ չհայտարարագրված թանկարժեք մետաղի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 576 585 վրացական լարի՝ մոտ 225 հազար ԱՄՆ դոլար։
Դեպքի առնչությամբ կազմված նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա քննություն իրականացնելու և համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկելու նպատակով։