Պետության կողմից պատշաճ քայլեր չենք տեսնում արցախցիների տնավորումը կազմակերպելու համար. Ստեփանյան

19 Օգոստոսի 2025, 19:00

Կարծիք | Քաղաքականություն

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պնդում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից փակել Արցախի և արցախահայերի վերադարձի իրավունքների հարցերը:

«Փաշինյանի այն միտքը, թե արցախցիների վերադարձի հարցը տարածաշրջանում խաղաղությանը սպառնացող գործոն է, ուղղակի սովորական քաղաքական մանիպուլյացիա և մարդկանց ապակողմնորոշելու խղճուկ քայլ է, որն իրականության հետ կապ չունի: Պատմությունը ցույց է տվել, որ անարդար խաղաղությունը չի կարող տևական ու կայուն լինել, որպեսզի իսկական խաղաղություն հաստատվի և ոչ թե դրա պատրանք ստեղծվի, անհրաժեշտ է, որ կոնֆլիկտածին բոլոր հարցերը պատշաճ հասցեագրվեն, իսկ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը հենց այս հակամարտության ամենակարևոր և կենտրոնական թեման է, հետևաբար դրա չկարգավորված լինելը երաշխավորում է, որ արդար խաղաղություն չի լինելու»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:

Նա ընդգծեց, որ արցախցիները պետք է մնան Հայաստանում ու ունենան հնարավորություն արժանապատիվ ապրել Հայաստանում և շարունակեն պայքրարել իրենց վերադարձի իրավունքի իրացման համար, բայց Գեղամ Ստեփանյանը նկատեց, որ պետության կողմից պատշաճ քայլեր չեն տեսնում արցախցիների՝ Հայաստանում տնավորումը կազմակերպելու ուղղությամբ:

«Դրա վառ ապացույցն այն բոլոր խնդիրներն են, որոնք հարուցվում են, որոնք առկա են, օրինակ, բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում»,- ասաց Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը օգոստոսի 18-ին ժողովրդին ուղերձ էր հղել, որում փաստացի հաստատել էր, որ խաղաղության համաձայնագրով վերջնական փակել է Արցախի հարցը:

Ըստ Փաշինյանի՝ արցախցիները Հայաստանի և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։

Հիմա եթերում