«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը կավարտվի 5 տարվա ընթացքում․ Ուրալօղլու

22 Օգոստոսի 2025, 19:15

Քաղաքականություն

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունն ամբողջությամբ կավարտվի առաջիկա 4-5 տարինրի ընթացքում։

Նրա խոսքով՝ 2,4 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծն արդեն ապահովված է արտաքին ֆինանսավորմամբ, և թուրքական երկու խոշոր ընկերություններից բաղկացած կոնսորցիումն անցել է իրականացմանը։

«Մենք ֆինանսավորման չենք սպասում, ամեն ինչ արդեն համաձայնեցված է։ 43 կիլոմետր հատվածի կառուցումը կսկսվի վերջում, բայց ամբողջ միջանցքը շահագործման կհանձնվի առավելագույնը հինգ տարվա ընթացքում»,- նշել է նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում։ Երկրի ներսում արդեն կառուցվում է 224 կիլոմետր երկաթուղային գիծ, իսկ Նախիջևանի հետ սահմանին Ադրբեջանը վերականգնում է 150 կմ հատվածը և հավելյալ կկառուցի ևս 20 կմ։ Երկու կողմերի աշխատանքները սինխրոնացված են. ուղևորը կկարողանա գնացք նստել Կարսում և հասնել Բաքու։

Ուրալօղլուն հավելել է, որ նոր միջանցքը թյուրքական աշխարհի համար ավելի կարճ և հուսալի երթուղի կդառնա՝ լրացնելով գործող Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը, որն արդեն մոտ է իր թողունակության սահմանին։ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն կոնկրետ մանրամասներ դեռ չեն բացահայտվում։

Հիմա եթերում