ԱՄՆ-ն ձգտում է վերահսկողության տակ վերցնել Հարավային Կովկասը. Վլադիմիր Շապովալով

26 Օգոստոսի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի համեմատական քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կանդրադառնան Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գերտերություններ են, և շատ բան կախված է նրանից, թե ինչպես կկառուցվեն մեր երկու պետությունների հարաբերությունները:

«Թվում է՝ Հարավային Կովկասի թեման չի շոշափվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների բանակցություններում, այնուամենայնիվ, բանակցությունները վերաբերում են, առաջին հերթին, ուկրաինական ճգնաժամին, երկրորդ՝ գլոբալ համատեքստին, և երրորդ՝ կոնկրետ տնտեսական հեռանկարներին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններին։ Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, որ աշխարհը շատ փոխկապակցված է, և այս աշխարհում գրեթե ամեն ինչ կախված է Ռուսաստանից և ԱՄՆ-ից՝ Չինաստանի հետ միասին: Ռուսաստանը և ԱՄՆ-ը գերտերություններ են, և շատ բան կախված է նրանից, թե ինչպես կկառուցվեն մեր երկու պետությունների միջև հարաբերությունները, որոնք այժմ գտնվում են 20-րդ դարի հիսունական թվականներից ի վեր ամենադաժան դիմակայության վիճակում», — ասել է Շապովալովը։

Փորձագետի խոսքով՝ եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները դրական փոփոխություններ չկրեն, այլ ընթանան բացասական սցենարով, ապա դա կհանգեցնի Հարավային Կովկասում առճակատման սցենարի:

«Հարավային Կովկասը ներկայումս իրենից ներկայացնում է, առաջին հերթին, անկայունության գոտի, երկրորդ՝ խոշոր և միջին տերությունների շահերի բախման գոտի, ուստի ԱՄՆ-ը ձգտում է վերահսկողության տակ վերցնել Հարավային Կովկասը։ Եվ «Թրամփի ուղի»-ն, որը հայտարարվել էր Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ, դրա ակնհայտ վկայությունն է։ Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասը շահերի լուրջ գոտի է, քանի որ այդ տարածքը կարևոր է թե՛ Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր մերձավորարևելյան տարածաշրջանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից», — եզրափակել է Շապովալովը։