Դպրոցական դասագրքի լրացուցիչ մասում 2018-ի դեպքերը ներկայացված են ամերիկյան ռադիոկայանի նյութերով
03 Սեպտեմբերի 2025, 20:15
Այսօր բովանդակային խնդիրների ենք բախվում, որոնք կապված են դասագրքերի հետ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
«Բովանդակային խնդիրներ կան՝ կապված դասագրքերի հետ: Արդեն երրորդ տարին է՝ տասնյակ դասագրքեր դպրոց չեն մտնում: Սրանից 2 տարի առաջ կային դասագրքեր, որոնք ուշացած մտան դպրոց, տպագրական խնդիրներ կային, որոնք մինչև լուծվեցին, ուսումնական տարվա կեսն անցավ»,- ասել է Մխիթարյանը:
Փորձագետի խոսքով՝ դրա համար որևէ մեկը պատասխան չի տալիս: «Այսինքն՝ սովորական է դարձել, որ կարելի է գնալ դպրոց, մտնել դասարան և առանց դասագրքի ինչ-որ բաներ պատմել: Պարզ է, որ այդպես կրթություն չի լինում»,- ասել է նա:
Մխիթարյանը խոսել է նաև պատմության դասագրքերի մասին: Նրա խոսքով՝ անցած տարի անցկացվել է 10-րդ դասարանի պատմության դասագրքի մրցույթ, որին մասնակցել է 1 խումբ:
«Խմբում ընդգրկված էին Հայաստանի լավագույն պատմաբաններ, ակադեմիկոսներ, պատմության ինստիտուտի մասնագետներ և Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի մասնագետներ։ Այդ դասագիրքը կազմվեց, գնաց նախարարություն, և նախարարությունից նրանք պատասխան ստացան, որ տվյալ դասագիրքը չի համապատասխանում, այսպես ասած, նոր չափանիշներին: Եվ դասագիրքը դպրոց չմտավ։ 10-րդ դասարանցիները, որոնք հիմա այս տարի 11-րդ դասարան են, չունեցան պատմության դասագիրք։ Այսինքն՝ նախարարությունը նախընտրեց, որ ավելի լավ է երեխաները դասագիրք չունենան, քան ունենան, օրինակ, ակադեմիկոսի կամ լավագույն պատմաբանների մշակած դասագիրքը»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: