Րաֆֆի Կավույանը ստեղծագործական գործունեության 50-ամյակը նշել է նոր ալբոմի թողարկմամբ

26 Հոկտեմբերի 2026, 23:55

Մշակույթ

Կանադահայ հայտնի երգիչ Րաֆֆի Կավուկյանը ստեղծագործական գործունեության 50-ամյակը հոբելյանը նշել է «Love Is Everywhere» 21-րդ ստուդիական ալբոմի թողարկմամբ:

«Good Lovelies» ֆոլք եռյակի հետ համատեղ ձայնագրված նոր ալբոմն ընդգրկում է 13 երգ՝ նվիրված սիրո, հույսի և սոցիալական պատասխանատվության թեմաներին։ Դրանցից հատկապես ուշագրավ է «ABC Democracy» ստեղծագործությունը, որը երեխաներին մատչելի ձևով ներկայացնում է ընտրությունների և ժողովրդավարական ինստիտուտների էությունը։

Երաժշտական գործունեության կեսդարյա հոբելյանին նվիրված են նաև մի շարք այլ նախագծեր։

2026 թվականի նոյեմբերի 13-ին լույս կտեսնի նրա 1976 թվականի դեբյուտային՝ «Singable Songs for the Very Young» ալբոմի հատուկ վինիլային տարբերակը։ Այն պատրաստվել է առանց պոլիվինիլքլորիդի՝ օգտագործելով ոչ թունավոր և վերամշակման ենթակա նյութեր։

Լույս կտեսնի նաև «I Wonder If I’m Growing» մանկական պատկերազարդ գիրքը, որը ձևավորված է նկարիչ Ջոն Կլասենի պատկերազարդումներով և հիմնված է երաժշտի համանուն հայտնի երգի վրա։

78-ամյա Րաֆֆի Կավուկյանը, ով արժանացել է «մանկական երաժշտության արքա» տիտղոսին և երեք անգամ առաջադրվել «Գրեմմի» մրցանակի, շարունակում է հավատարիմ մնալ հանդիսատեսի հետ էթիկական հարաբերությունների իր սկզբունքներին։ Երաժիշտը հետևողականորեն դեմ է մանկության ագրեսիվ առևտրայնացմանը։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ ժամանակին հրաժարվել է իր հանրահայտ «Baby Beluga» երգի հիման վրա ֆիլմ նկարահանելու նախագծից, որն առաջարկել էին «Շրեկ» մուլտֆիլմի պրոդյուսերները։ Պատճառն այն էր, որ ֆիլմը նախատեսվում էր գովազդել արագ սննդի ցանցերի միջոցով։