Մի կարծեք՝ ես ձեր հանդեպ չարություն ունեմ, միայն խղճահարություն. Աջապահյանը՝ մեղադրող կողմին
23 Սեպտեմբերի 2025, 16:44
Եզրափակիչ ելույթ ունենալով իր գործով դատական նիստի ժամանակ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ իր խոսքերի համար չի զղջալու կամ ներողություն չի խնդրելու։
Աջապահյանը հայտարարել է՝ ինչ ասել է, լավ է արել։ Դիմելով մեղադրող կողմին նշել է, որ նրանց չի ներելու, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ են անում և կայծակներ են կուտակել իրենց գլխին։
«Չեմ ասելու՝ մի՛ արա, Տե՛ր, ասելու եմ՝ Տե՛ր, դատի՛ր ըստ արդարության։ Եթե ես իրոք մեղավոր եմ, իմ վրա իջեցրու կայծակները, բայց եթե ես անմեղ եմ․․․»,- նշել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Միաժամանակ, սրբազանը նշել է՝ չարությամբ լցված չէ նրանց հանդեպ, խղճահարություն է զգում։
«Ունենալով հսկայական լծակներ ու հնարավորություններ՝ զբաղված եք ոչնչով»,- հավելել է սրբազանը։
Աջապահյանի եզրափակիչ ելույթից հետո դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտնել է, որ դատավճիռը կհրապարակվի վաղը՝ ժամը 17։30-ին։