ԵԽԽՎ զեկուցողը կստուգի Հայաստանում քաղբանտարկյալների մասին հայտարարությունները
02 Հոկտեմբերի 2025, 19:35
Հոկտեմբերի վերջին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով զեկուցողների այցի պատճառներից մեկը կապված է երկրում քաղբանտարկյալների առկայության մասին հայտարարությունների հետ։ Այս մասին Alpha News-ին հայտնել է Հայաստանի հարցով Շվեդիայից զեկուցող Բորիանա Աբերգը։ Նա նշել է, որ ուղևորության նպատակը տեղի ունեցածի օբյեկտիվ պատկեր ստանալն է։
«Մենք ցանկանում ենք իրավիճակը տեսնել մեր աչքերով, հանդիպել ՀԿ-ների, ակադեմիական շրջանակների, ինչպես նաև կառավարության և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Այդ պատճառով ես կնախընտրեի գնահատականներ տալ Հայաստան այցելելուց հետո», – ասել է Աբերգը։
Բացի այդ՝ նա նշել է, որ զեկուցողները մտադիր են ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակության պայմանները Հայաստանում։
«Եվրոպայի խորհրդի համատեքստում Լեռնային Ղարաբաղը միշտ դիտարկվել է որպես Ադրբեջանի մաս՝ ուզենք, թե չուզենք։ Բայց Հայաստանում վերաբնակիչների բնակության պայմանների, նրանց մարդու իրավունքների և բարեկեցության վերաբերյալ մտադիր ենք լույս սփռել։ Որպես զեկուցող՝ ես կարծիք չունեմ վերադարձի իրավունքի վերաբերյալ, բայց կարող եմ ասել, որ հանդիպումը մարդկանց հետ, ովքեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը, մեզ համար հուզիչ և ողբերգական պահ էր։ Ես տպավորված էի, թե ինչպես Հայաստանի կառավարությունը հաղթահարեց փախստականների ճգնաժամը․ ոչ ոք չմնաց փողոցում, բոլորի համար գտնվեց արժանապատիվ կացարան», – ասել է զեկուցողը։
Ընդ որում՝ նա նշել է, որ հարկադիր տեղահանվածների համար աշխատանքի տեղավորման և ապրուստի միջոցների ապահովման հարցը մնում է լուրջ մարտահրավեր։
«Այո, դա ավելի մեծ խնդիր կդառնա այս մարդկանց համար, ովքեր պետք է ունենան աշխատանք և ընտանիք պահելու հնարավորություն։ Բայց այս հարցը մեր ուսումնասիրության շրջանակներում չէ։ Պատվիրակությունը մտադիր է հանդիպել տեղահանված անձանց հետ, սակայն նրանց վերադարձի հնարավորությունը և գույքային իրավունքների վերականգնումը զեկույցում չի քննարկվի», – ասել է Աբերգը։
Դիտարկմանը, թե փախստականների հետ կապված իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ նրանք տեղափոխվել են Հայաստան, և երկիրը չունի բավարար ռեսուրսներ, իսկ փախստականները ստիպված են լինում թանկ բնակարաններ վարձել՝ չունենալով բավարար միջոցներ, Աբերգն ասել է, որ հույս ունի, որ միջազգային կազմակերպությունները, Եվրամիությունը, ինչպես նաև Շվեդիան, որը մեծ ներդրում ունի Հայաստանի զարգացման գործում, կկարողանան միջամտել և աջակցել փախստականներին։