Նվազո՞ւմ են արդյոք բնակարանների գները
07 Հոկտեմբերի 2025, 18:05
Անշարժ գույքի շուկան մշտապես մեծ ուշադրության ներքո է, այսօր՝ առավել ևս՝ հաշվի առնելով վերջին տարիներին նկատված և դեռևս պահպանվող աշխուժությունը, որն ուղեկցվեց բնակարանների բավական մեծ թանկացումներով: Եվ այսպես, ինչպիսի՞ զարգացումներ կան ոլորտում այսօր և իջնու՞մ են արդյոք տների գները:
Ընդհանուր առմամբ, բոլորին հայտնի՝ հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագրի հետզհետե չեղարկման արդյունքում շուկայում մեծ պահանջարկ ձևավորվեց: Միևնույն ժամանակ, արդեն իսկ չեղարկումից հետո, որը փուլերով է ընթանում, պահանջարկի աշխարհագրության փոփոխություն տեղի ունեցավ: Արդյունքում, ի՞նչէ կատարվում ներկայումս անշարժ գույքի շուկայում:
2025թ. օգոստոսին անշարժ գույքի գործարքների ընդանուր թիվը կազմելէ 18780 գործարք: Գործարքների թիվը կրճատվել է ընթացիկ տարվա հուլիսի համեմատ՝ 2358-ով, 1398-ով կրճատվել է նաև նախորդ տարվա օգոստոսի համեմատ:
Գործարքների ամենամեծ մասնաբաժինը Երևանինն է: 2024թ. օգոտոսի համեմատ Երևանում անշարժ գույքի գործարքների թիվն ավելացել է 90-ով, բայց արդեն այս տարվա հուլիսին՝ նվազել 741-ով: Սա իհարկե վերաբերում է բոլոր տեսակի գործարքներին, բայց պետք է նշել, որ դրանցում ամենամեծ մասնաբաժինն առքուվաճառքինն է: Իսկ ինչո՞վ է բացատրվում այս պատկերը: Բանն այն է, որ 2024թ.-ի տարեվերջին Երևանում անշարժ գույքի ձեռքբերման գործընթացն արագացավ, քանի որ եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտը մոտենում էր վերջնաժամկետին: Մարդիկ փորձեցին հասցնել օգտվել այդ հնարավորությունից: Այլ միտում է այս տարվա հուլիսի համեմատ նվազումը: Նշենք, որ հուլիսին գործարքների թիվն իր հերթին կրճատվել է հունիսի համեմատ: Ուստի, եթե սա շարունակվի նաև հետագա ամիսներին, ապա մենք կգտնվենք նվազման շարունակականության մեջ: Ընդհանուր առմամբ, գործարքների թվի նվազում նկատվում է գրեթե:
Այնուամենայնիվ, սա ընդհանուր գործարքներին է վերաբերում, որի թվի նվազումը բազմաթիվ գործոններով կարող է պայմանավորված լինել: Ուստի փորձենք շուկայական գների փոփոխությունով պատկեր ստանալ՝ ի վերջո պասիվանո՞ւմ է անշարժ գույքի շուկան և էժանանու՞մ են արդյոք բնակարանների գները:
Դիտարկենք Երևանի բազմաբնակարան շենքերի շուկայական միջի գների օրինակով:
Եթե համեմատելու լինենք նախորդ տարվա օգոստոսի հետ, ապա Երևանի տարբեր գոտիներում առավելապես գնանկում է նկատվել: Բացառություն են Աջափնյակ,Նոր- Նորք, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Վերջին երեքի պարագայում,առնվազն, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ եկամտահարկի ծրագիրն ամենաերկարն այս գոտիներում է գործել, որը ենթադրում է վերջնաժամկետով պայմանավորված պահանջարկի ակտիվացում, ինչն էլ հանգեցնում է գնաճին:
Հակասական պատկեր է հուլիսի հետ համեմատությունը, որտեղ ըստ գոտիականության ունենք և՛ գնանկումներ, և՛ գնաճ: Չի բացառվում, որ անշարժ գույքի խաղացողները լրացուցիչ պայմանների մշակմամբ, կարողանում են պահպանել, և նույնիսկ ակտիվացնել պահանջարկը: Օրինակ՝ տարաժամկետ վճարման տարբեր ճկուն առաջարկները, որոնք կան շուկայում:
Այնուամենայնիվ, կարծում ենք, դա ևս ժամանակի խնդիր է:
Ուստի, անշարժ գույքի շուկայի աշխուժության թեկուզ դանդաղ նվազումն արդեն իսկ տեսանելի է, որը, այլ՝ ցնցումային զարգացումներ չլինելու պարագայում, շատ դնադաղ, բայց կշարունակի ազդել գների վրա՝ դրանք ճշգրտելով ներքև: