Պատրաստվում ենք ստեղծել մեկ համակարգ, որով կզարգացնենք մեր սփյուռքը և կօգնենք Հայաստանին․ Մնացականյան

07 Հոկտեմբերի 2025, 22:00

Կարծիք

Նպատակ ունենք ստեղծել 21 վարչություններից բաղկացած կառավարման մեկ մարմին, որի ներսում կներգրավվեն արհեստավարժ մասնագետներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Up For Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Դավիթ Մնացականյանը։

««Up For Armenia» բարեգործական կազմակերպությունը հանձն է առել ուսումնասիրել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են սփյուռքի առջև։ Հայդիսի ծրագիրը այդ ծրագրերից մեկն է, որ «Up For Armenia» կազմակերպությունը ներկայացնում է։ Հայդիսին Հայ Սփյուռքի Կոնգրեսի ծրագիրն է, որը մենք համարում ենք ամենագլխավոր ծրագրերից մեկը։ Նպատակն այն է, որ մենք ունենանք 21 վարչություններից բաղկացած կառավարման մեկ մարմին, մեկ համակարգ, որի ներսում կներգրավվեն համայնքում արհեստավարժ մասնագետները։ Արդյունքում, բոլորս միասին կստեղծենք և կզարգացնենք մեր սփյուռքը, ինչպես նաև կօգնենք Հայաստանին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Սփյուռքի ժողովրդին անտեսելը ճիշտ չէ։

«Մեր նպատակը նախևառաջ այն է, որ սփյուռքը ինքնին նորից վերաիմաստավորվի, հասկանա՝ ի՞նչ է ուզում։ Ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ այլ եվրոպական պետություններում՝ Սփյուռքն իր պահանջներն ունի, նախ պետք է դա հստակեցվի։ Մենք ունենք Ցեղասպանության ճանաչման հարց, չեմ կարծում, որ որևէ մարմին այդ հարցը կհանի իր օրակարգից։ Դա անհնար է»,- ասել է Մնացականյանը։