Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Աշխարհակարգ 2.0»․ Դմիտրի Տրենին

25 Հոկտեմբերի 2025, 21:00

 

Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր «ուղեղային կենտրոնների» ղեկավարների և առաջատար փորձագետների հետ քննարկում է հնարավոր (ձևավորվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։

«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի տնօրեն Դմիտրի Տրենինն է:

Հարցազրույցում Դմիտրի Տրենինը վերլուծում է, թե ինչու ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն չդարձան նույնքան կոնսոլիդացված կառույցներ, ինչպես G7-ը և ՆԱՏՕ-ն՝այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում այդ կազմակերպությունների անդամների վրա։ Կարո՞ղ են արդյոք Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը կամ Բրազիլիան դիմակայել Դոնալդ Թրամփի կողմից գործադրվող ճնշմանը։ Ինչո՞ւ են աշխարհակարգի վերաբերյալ իրենց մոտեցումներում Չինաստանը «բարեփոխիչ», իսկ Ռուսաստանը՝ «հեղափոխական»։

Տրենինը հարցազրույցում մեծ ուշադրություն է դարձնում նաև Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններին և Ուկրաինայի հակամարտությանը, մասնավորապես, թե ինչու Եվրոպայում չեն հավատում Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությանը՝ նրա վրա հարձակման դեպքում, և ընդգծում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է Արևմուտքին հասկացնել՝ ինչ հետևանքներ կունենա միջուկային տերության հետ ռազմական հակամարտությունը։ Միևնույն ժամանակ, փորձագետը վստահ չէ, որ ԱՄՆ-ը պատրաստ է սկսել միջուկային ապոկալիպսիս Ռուսաստանի հետ՝ հանուն եվրոպական դաշնակիցների։

Ինչպե՞ս է Արևմուտքի հետ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը փոխում Ռուսաստանը և ստիպում նրան ստեղծել նոր էլիտա։ Տրենինը մեկնաբանում է նաև, թե ինչ է սպասվում Հարավային Կովկասի երկրներին, մասնավորապես Հայաստանին, նոր ձևավորվող աշխարհակարգում, և դիտարկում է Ռուսաստանի մոտեցումները տարածաշրջանի նկատմամբ՝ գլոբալ և տարածաշրջանային տերությունների մրցակցության, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների քաղաքականության ֆոնին։

Ըստ Տրենինի՝ եթե չլինի ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի և Չինաստանի վրա միաժամանակյա ռազմական ճնշման իրավիճակ (ինչը նա քիչ հավանական է համարում), ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի երկրները կշարունակեն ինքնուրույն գործել՝ ելնելով ազգային շահերից, և չեն միավորվի որևէ ռազմաքաղաքական բլոկի մեջ։

«Ընդհանրապես, աշխարհում քիչ են համարձակ երկրները։ Ռուսաստանը դրանցից մեկն է։ Գուցե, ընդհանրապես, եզակի է։ Կան, իհարկե, ավելի փոքր, բայց համարձակ երկրներ, օրինակ՝ Հյուսիսային Կորեան, որը լիովին պաշտպանում է իր շահերը և չի վախենում ուղիղ բախումից։ Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, կոլեկտիվ Արևմուտքի հետ բախումների մեջ է արդեն բավականին վաղուց։ Հիշենք Հայրենական մեծ պատերազմը, հիշենք 1812 թվականի Հայրենական պատերազմը, հիշենք Ղրիմի պատերազմը․ այս ամենն Արևմուտքի կոլեկտիվ ուժերի հետ դիմակայություններ էին, փաստացիորեն, այն ժամանակվա բոլոր մեծ տերությունների կոլեկտիվ ուժերի հետ։ Դե, գրեթե, եթե վերցնենք Երկրորդ համաշխարհայինը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները եղել են Խորհրդային Միության դաշնակիցները…

Ռուսաստանը փաստացիորեն միակ խոշոր երկիրն է, որը ստանձնում է արևմտյան աշխարհի հեգեմոնիային ակտիվորեն դիմակայող պետության դերը։ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի մյուս երկրները կարող են համակրանքով հետևել Ռուսաստանի և Արևմուտքի միջև տիրող իրավիճակին, բայց, այնուամենայնիվ, դրանք դիտորդ երկրներ են։ Չինաստանը մի փոքր օգնում է իրականում, բայց դաշնակցային մակարդակից շատ ցածր։ Հնդկաստանն օգնում է նրանով, որ էժան գնով ռուսական նավթ է գնում»,- նշել է Տրենինը։

Մեկնաբանելով Արևմուտքի հետ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը, փորձագետը նշել է, որ առաջին անգամ է ստեղծվել իրավիճակ, երբ միջուկային զենքն այլևս պատշաճ չի ընկալվում որպես միջուկային տերության հետ հակամարտությունում զսպող գործոն։

«Ոչ թե միջուկային զենքն այդքան էլ լուրջ չեն ընկալում, այլ համարում են, որ Ռուսաստանը որևէ պարագայում միջուկային զենք չի կիրառի։ Կարծում եմ, որ դա պատրանք է։ Եվ այդ պատրանքը պետք է փարատվի։ Խոսքը կարող է վերաբերել ոչ թե Ուկրաինայի տարածքում միջուկային զենքի կիրառմանը, այլ նման զենքի կիրառմանը Եվրոպայի տարածքում՝ ՆԱՏՕ-ի երկրներում այս կամ այն օբյեկտների դեմ։

Այսօր ռուսական միջուկային դոկտրինան թույլ է տալիս դիտարկել, օրինակ, ոչ միջուկային միջոցներով հարվածները՝ պայմանական «Թոմահավք»-երով կամ «Տաուրուս»-ներով, «Ֆլամինգո»-ներով, որոնք արձակվում են Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի օբյեկտներին, որպես Ուկրաինայի և նրա հետ դաշնակից միջուկային տերությունների համատեղ ագրեսիա Ռուսաստանի դեմ։

Սա Ռուսաստանի Դաշնության նախագահին իրավունք է տալիս, կամ, ավելի ճիշտ, պայմաններ է ստեղծում ռուսական միջուկային զենքի կիրառման համար։ Ե՞րբ և որտե՞ղ այն կկիրառվի կամ չի կիրառվի, սրանք հարցեր են, որոնք կլուծվեն կոնկրետ հանգամանքներում»,- նշել է Տրենինը։

Նա նաև մեկնաբանել է այն, թե ինչպես են Ռուսաստանի հակամարտությունը Արևմուտքի հետ և մրցակցությունը տարածաշրջանային տերությունների, մասնավորապես Թուրքիայի հետ, ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, և թե ինչպես է Հայաստանի իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությունն անդրադառնալու հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Ձեր տարածաշրջանը ճակատամերձ է։ Տեղի է ունենում նոր աշխարհակարգի ձևավորում։ Այս երկրները գտնվում են, չեմ ուզում ասել «Ռուսաստանի ծայրամասում», դա անհարգալից կլիներ երկրների նկատմամբ, դրանք գտնվում են Ռուսաստանի հարավային սահմաններում։ Եվ աշխարհի մեծ խաղացողների տեսանկյունից դա մեծ նշանակություն ունի։ Այսինքն, այդ երկրները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու պոտենցիալ հենակետեր են։

Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ նույնպես շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել։ Եվ ահա՝ շատ կտրուկ շրջադարձ՝ նույնիսկ աշխարհայացքային, առնվազն Հայաստանի իշխող խմբավորման շրջանակներում՝ հեռացում ավանդական քաղաքականությունից, որը խորապես արմատավորված էր հայ ժողովրդի պատմության մեջ, Հայաստանի պատմության տարբեր դրսևորումներում։ Հիմա, երբ ներկայիս իշխանությունը փորձում է ամբողջությամբ հեռանալ դրանից և կառուցել «իրական Հայաստան», այնքան էլ պարզ չէ, թե ինչ հիմքերի վրա, բացի եվրոպական ինտեգրման, Միացյալ Նահանգների հետ համագործակցության և պատմական հակառակորդներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային խաղաղեցնելու հույսերից։ Առայժմ այդ ամենն, իմ կարծիքով, ավելի շուտ սպասում է, քան ապագա քաղաքականության որևէ հիմք։

Հայ ժողովուրդն իմաստուն է։ Հայ ժողովրդի գործն է՝ որոշել իր ճակատագիրը։ Ռուսաստանը եղել է, կա և, կարծում եմ, կլինի հայ ժողովրդի բարեկամը, թեև Հայաստանի այս կամ այն կառավարության քաղաքականությունը կգնահատվի այդ կառավարության գործերով և այն բանով, թե ինչ հարաբերություններ է այն կառուցում Ռուսաստանի հետ։ Այստեղ կարող են լինել ռուսական քաղաքականության տարբեր տարբերակներ այն գծի նկատմամբ, որը վարում է այս կամ այն կառավարությունը։ Դե, իսկ ժողովրդի նկատմամբ միշտ ամենալավ վերաբերմունքն է լինելու»,- եզրափակել է Տրենինը։