Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են որևէ կերպ չանդրադառնալ Հայաստանի վրա․ Ալեքսանդր Պերենջիև

27 Հոկտեմբերի 2025, 21:15

Քաղաքականություն

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և այդ միջոցառումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

«Ամերիկյան պատժամիջոցները, որոնք սահմանվել են մեր, այսպես ասած, նավթի արդյունահանման և փոխադրման ոլորտի առաջատար ընկերությունների դեմ, ինչպիսիք են «Լուկօյլ»-ը կամ «Ռոսնեֆտ»-ը, իհարկե, հնարավոր է որոշ փուլում վնաս հասցնեն, բայց ուզում եմ անմիջապես նշել, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու։ Ռուսական տնտեսությունը սովորել է, ընդհանուր առմամբ, արձագանքել ցանկացած պատժամիջոցային ճնշման և արագ վերակառուցվել։ Ուստի իրականում խոսքը, թերևս, ոչ թե այն մասին է, թե որքանով դա կանդրադառնա Ռուսաստանի, այլ այն մասին, թե որքանով դա կանդրադառնա արևմտյան երկրների վրա։

Օրինակ, վերցնենք Գերմանիան, որի կանցլերն անմիջապես սկսեց մի փոքր աղմուկ բարձրացնել, քանի որ առաջին հերթին այդ պատժամիջոցները հարվածեցին հենց Գերմանիային։ Եւ նա արդեն փորձում է համաձայնության գալ ամերիկացիների հետ, որպեսզի չհարվածեն Գերմանիայում գտնվող ռուսական դուստր ընկերություններին, քանի որ դրանք հաջողությամբ աշխատում են՝ ոչ թե պարզապես Գերմանիայի տնտեսության համար, այլ գոնե աջակցում են հենց այդ տնտեսությանը»,- կարծում է Պերենջիևը։

Քաղաքագետի կարծիքով՝ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են ազդել Հայաստանի վրա միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարությունը թուլակամություն դրսևորի և չափից դուրս ապավինի Վաշինգտոնի կարծիքին։

«Տվյալ դեպքում, եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այդ պատժամիջոցները կարող են ընդհանրապես չանդրադառնալ նրա վրա։ Այստեղ շատ բան կախված է նրանից, թե որքանով դրանք հոգեբանորեն կընկալվեն պաշտոնական Երևանի ղեկավարության կողմից։ Այն իմաստով, թե արդյոք Հայաստանը կշարունակի՞ փոխգործակցությունը Ռուսաստանի հետ՝ առանց ԱՄՆ-ին ապավինելու։

Կարծում եմ՝ Հայաստանը պարզապես պետք է նայի Հնդկաստանի օրինակին, որը չի վախենում ԱՄՆ-ի տարատեսակ սպառնալիքներից և շարունակում է ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունը։ Պատժամիջոցները կարող են ազդել Հայաստանի վրա միայն այն իմաստով, թե ինչպես ղեկավարությունը դրանք հոգեբանորեն կընկալի՝ պատրա՞ստ է արդյոք չվախենալ այդ պատժամիջոցներից, թե՞ այնուամենայնիվ կվախենա»,- եզրափակել է փորձագետը։

Հիմա եթերում