Հայաստանը միանշանակ չի կարող նման ցածր գնով ռուսական գազին այլընտրանք գտնել․ Կոնստանտին Սիմոնով

31 Հոկտեմբերի 2025, 21:50

Տնտեսություն և Բիզնես

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը Ստամբուլում կայացած XVIII Վերոնայի Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի համար գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու և ռուսական գազին համարժեք ցածր գնով այլընտրանք գտնելու հնարավորությունը։

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է գտնել գազի մատակարարներ՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և ավելի էժան գնով, քան «Գազպրոմ»-ի մատակարարվող գինը՝ 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, փորձագետը նշել է, որ դա անհնար է։

«Միանշանակ ոչ։ Այս հարցին կարելի է վստահաբար պատասխանել։ Ինչո՞ւ, որովհետև, ինչպես հայտնի է,Հայաստանը ռուսական գազի էժան մատակարարումներով երկրորդ տեղն է զբաղեցնում Բելառուսից հետո։ Եվ ընդհանրապես, իրականում, շատ հարցեր կան, թե ֆիզիկապես Հայաստանը որտեղի՞ց է այդ գազը ստանալու։ Որո՞նք են այլընտրանքային սխեմաները։ Գների տեսանկյունից, կրկնում եմ, բոլոր այլընտրանքային տարբերակները բավականին ֆանտաստիկ են թվում։ Այն գինը, որը դուք ունեք այսօր, ակնհայտորեն, ուղղակի շուկայում չկա։ Սրանք իրողություններ են, որոնց հետ վիճելն անհնար է։ Բայց եթե դուք գտնեք մատակարար, որը պատրաստ է մատակարարել ակնհայտորեն շուկայականից ցածր գնով, եկեք լսենք այդ տարբերակները»,- ասել է Սիմոնովը։

Հարցին, թե արդյոք Իրանը կամ Ադրբեջանը կարո՞ղ են Հայաստանին գազ առաջարկել համադրելի գնով, փորձագետը պատասխանել է, որ Իրանի աշխարհագրությունն այս դեպքում ընդդեմ Հայաստանի է աշխատում, իսկ Ադրբեջանն իր ողջ գազը շատ բարձր գնով վաճառում է Եվրոպային։

«Նախ պետք է հասկանալ, թե դա ինչպես կիրականացվի։ Ի՞նչ երթուղով Իրանը մատակարարումներ կիրականացնի։ Դուք գիտեք, որ Իրանում գազի ոլորտում իրավիճակը բավականին հետաքրքիր է։ Ինչո՞ւ, որովհետև Իրանն աշխարհում երկրորդ ամենամեծ գազի պաշարներն ունի, սակայն այդ պաշարների հիմնական մասը գտնվում է երկրի հարավում։ Եվ այս առումով հենց Իրանը երկրի հյուսիսում ունի գազի լուրջ դեֆիցիտ։

Դուք գիտեք, որ Իրանը պատրաստվում է սկսել ռուսական գազի մատակարարումները Իրանի հյուսիս։ Այսինքն՝ այս առումով Իրանը պոտենցիալ լուրջ խաղացող է գազի շուկայում, և պաշարներն ուժեղ փաստարկ են։ Բայց աշխարհագրությունն այս դեպքում ընդդեմ Հայաստանի է աշխատում։ Դե, եթե ձեզ այնքան չի բավարարում ռուսական գազը, որ անպայման պետք է մեկ ուրիշը գտնել, աշխարհագրությունը կաշխատի ձեր դեմ։

Իսկ Ադրբեջանի տեսանկյունից, մի մոռացեք, որ այն ամենն, ինչ ունի Ադրբեջանը, այսօր վաճառում է Եվրոպային։ Եվրոպան նույնպես տարված է դիվերսիֆիկացիայի գաղափարով։ Նայեք եվրոպական հաբերում գնին, դա բաց տեղեկատվություն է։ Այսօր հաբերում գինը մոտ 400 դոլար է հազար խորանարդի դիմաց։ Սա հաբային գինն է։ Դե ինչո՞ւ պետք է Ադրբեջանը Հայաստանին գազ վաճառի ավելի քան երկու անգամ էժան։ Ի՞նչ տրամաբանություն կա դրանում։

Թեև հիպոթետիկորեն դա հնարավոր է։ Բայց ունենալով ցանկացած ծավալով գազ վաճառելու հնարավորություն, Ադրբեջանը նույնիսկ ռուսական գազ է գնում։ Ինչի՞ համար է դա անում, որպեսզի ռուսական գազն ավելի էժան գնի, իսկ իր գազն ավելի թանկ վաճառի Եվրոպային։ Նույնն է նաև նավթի դեպքում։ Քչերը գիտեն, բայց դա հրապարակային տեղեկատվություն է. Ադրբեջանը ռուսական նավթ է գնում, որպեսզի իր նավթի ավելցուկը մատակարարի եվրոպական շուկա։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես տեսանելի ապագայում գազ չի վաճառի Հայաստանին։ Նա չունի խոշոր նոր հանքավայրեր, և նույնիսկ եթե ունենար ազատ գազ, Եվրոպան կվերցներ ամբողջը։ Եվրոպան հիմա գազի դեֆիցիտ ունի։ Ուստի եթե դուք այդքան համոզված եք, որ չի կարելի ապրել Ռուսաստանի հետ, փորձեք լուծել այս հավասարումները»,- նշել է Սիմոնովը։