Էմոցիաները բաց կթողնեմ մենամարտի ընթացքում․ Արման Ծառուկյանը՝ Դեն Հուկերի հետ առաջիկա մենամարտի մասին
04 Նոյեմբերի 2025, 15:15
«Чемпионат» պորտալին տված հարցազրույցում Արման Ծառուկյանը խոսել է իր կարիերայի, գրապլինգում ունեցած հաջողությունների, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և UFC-ի մյուս մարտիկների հետ հարաբերությունների մասին: Նա հատուկ ուշադրություն է դարձրել իր հաջորդ մրցակցին՝ նորզելանդացի Դեն Հուկերին, որը թեթև դիվիզիոնի վարկանիշում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Նրանց մենամարտը նախատեսված է նոյեմբերի 22-ին և կդառնա Դոհայում անցկացվող UFC Fight Night մրցաշարի գլխավոր իրադարձությունը:
Ծառուկյանը խոստովանել է, որ անձնական հակակրանք ունի Հուկերի նկատմամբ, սակայն մտադիր է հակամարտությունը լուծել բացառապես մարտի շրջանակներում: Նրա խոսքով՝ Հուկերն այն մարտիկներից է, որ շատ են խոսում, բայց խոսքերը գործով չեն ապացուցում։
«Որպես մարդ նա ինձ դուր չի գալիս։ Ես պարզապես ուզում եմ նրա հետ գործ ունենալ վանդակում, առանց որևէ ավելորդ միջադեպի մինչև մենամարտը։ Ես կփորձեմ բոլոր էմոցիաներս թողնել հենց այնտեղ», — ասել է Արմանը։