«Մեր ձևով» շարժումը 5 ծրագիր է առաջարկում երիտասարդների հմտությունները զարգացնելու համար
08 Նոյեմբերի 2025, 18:00
Այսօրվանից մեկնարկել են «Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդական կենտրոնի աշխատանքները: Շարժումը երիտասարդների համար առանձնացրել է 5 ուղղություն, որոնց շուրջ կլինեն տարբեր ծրագրեր:
««Մեր ձևով» շարժմանը շատ երիտասարդներ են միացել, պետք էր հասկանալ, թե նրանց ինչ է հետաքրքրում, ինչ հուզող խնդիրներ կան ու որոշեցինք նրանց համար տարբեր ծրագրեր իրականացնել: 5 ուղղություն ենք առանձնացրել՝ կարիերիայի ու անձնական աճի զարգացում, կրթական, մշակութային, Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության և արշավներով Հայաստանը բացահայտելու վերաբերյալ ծրագրեր: Մենք պետք է ճանաչենք մեր հայրենիքի յուրաքանչյուրը անկյունը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդական թևի համակարգող Նարեկ Սուքիասյանը:
Երիտասարդներին հնարավորություն կտրվի ընտրել, թե որ ծրագրին են ցանկանում մասնակցել:
«Երիտասարդները երբ լրացնեն իրենց հարցաթերիկները, կձևավորվեն իրենց նախընտրելի դասընթացները: Կունենանք նաև սեմինարներ, կհյուրընկալենք տարբեր խոսնակների, որոնք իրենց փորձով կկիսվեն մեր երիտասարդների հետ: Բոլոր այն երիտասարդները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները, կարող են գալ, մենք սիրով պատրաստ ենք ընդունել բոլորին ու բացահայտել ստեղծագործ մարդկանց»,- ասաց Նարեկ Սուքիասյանը:
«Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդական ծրագրերին մասնակցող քաղաքացիները ոչ միայն կրթական ու ճանաչողական, այլև քաղաքական ակնկալիքներ ունեն այս շարժումից:
«Ես այս շարժմանը միացել եմ օր առաջ մեր երկիրը ավելի զարգացած, բարգավաճ ու անվտանգ տեսնելու համար: Պետք է ազատվենք ներկա իշխանություններից, ինչքան հնարավոր է շուտ երիտասարդներով, մտավոր քաղաքացիներով մեր երկիրը պետք է հանենք էս վիճակից»,- ասաց Սերեդ Պողոսյանը:
Քաղաքական սպասելիքներ ունի նաև Իրինա Բալդատյանը.
«Մեկ նպատակով եմ եկել այստեղ, որ Հայաստանում կարողանանք անել փոփոխություն, որը կենթադրի պետական կառույցներում ունենալ մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանով, մեր ազգային խնդիրներով ու ազգային արժեքների կրող են»:
Տաթև Սուքիասյանն էլ հավելեց. «Մասնակցելով տարբեր թրեյնինգների ու դասընթացների, ակնկալում եմ ինչ-որ մասնագիտացում ստանալ, համոզված եմ, որ երիտասարադական կենտրոնը իմ սպասելիքները կարդարացնի, որովհետև «Մեր ձևով» շարժման ձևավորումից ի վեր հետևում եմ նրանց մասնակցությամբ բոլոր միջոցառումներին և հասկացել եմ, որ շարժումը կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու»: