Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ո՞ր «անկլավներն» է Փաշինյանը պատրաստ հանձնել Ադրբեջանին

13 Նոյեմբերի 2025, 12:10

(Փաշինյանը կրկնում է Արցախը հանձնելուց առաջ արտասանած մտքերը)

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սուրբ է և չի կարող չեղարկվել ուժի կիրառման միջոցով։ Արցախի ճակատագիրը չի կարող լուծվել ժողովրդի թիկունքում։ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է (…). Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում:

Այս բոլոր հայտարարությունների հեղինակը նույն մարդն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարությունների մի մասն արվել է մինչև 44-օրյա պատերազմը, մյուսներն՝ արդեն 2020 թվականից հետո (մասնավորապես, այն հայտարարությունը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սուրբ է)։ Այս բոլոր հայտարարությունների հեղինակը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեց Ադրբեջանին։

Նույն անձը 2025 թվականի նոյեմբերի 12-ին ասում է. «ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ չի կարող հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից: (…) Ընդ որում՝ դա իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ: Նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության՝ դա տեղի ունենալ չի կարող»։

Ճշմարտության չափանիշներից մեկը փորձն է, որը տվյալ դեպքում ապացուցում է, որ «ժողովրդի կամքի մասին կենացների և ժողովրդին ականջալուր լինելու պատրաստակամությանը» հաջորդում են ուղիղ հակառակ գործողություններ։ Ո՛չ 2018, ո՛չ էլ 2021 թվականին Փաշինյանը մանդատ չէր ստացել Արցախը հանձնելու համար, սակայն արեց դա։ Արծվաշենի մասին հայտարարությունները տեղավորվում են Արցախի մասին Փաշինյանի այն հայտարարությունների տրամաբանության մեջ, որոնք նա արել էր տարիներ առաջ։ Ի դեպ, նկատե՛ք, Փաշինյանը չբացառեց, որ «տարածքների փոխանակումը» կարող է տեղի ունենալ նաև առանց հանրաքվեի։

Ելնելով նկարագրվածից, կարելի է ասել, որ մենք ձեզ հետ Արցախի հանձնման սցենարի կրկնության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին նոր զիջումների պատրաստելու կենդանի վկաներն ենք։ Կարևոր է նշել նաև, որ Ադրբեջանում նույնիսկ քննարկում չկա, թե այս կամ այն տարածքը պետք է փոխանակել, այլ միայն այն մասին, որ ինչ-որ բան պետք է «վերադարձնել»։ Այս մասին էր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի վերջերս արված հայտարարությունը, ով ասաց, որ Տիգրանաշեն գյուղի (Արարատի մարզ) և Տավուշի երեք «անկլավների» «վերադարձը» մնում է Բաքվի ուշադրության կենտրոնում։

Մի շարք փորձագետներ արդեն զգուշացնում են, որ, մասնավորապես, Տիգրանաշեն գյուղի բնակիչները երկրում քաղաքական փոփոխությունների բացակայության դեպքում կարող են «հավաքել իրենց ճամպրուկները», քանի որ իրենց հայրենի գյուղը կհանձնվի Բաքվին։

Հայաստանը կարող էր խուսափել այս սցենարից, եթե 2021 թվականին Փաշինյանը չվերարտադրեր իր իշխանությունը, ինչպես նաև եթե պաշտոնական Երևանն ընդուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նստաշրջանում ելույթ ունենալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները, որոնք թույլ են տալիս իրականացնել ամենաճշգրիտ սահմանազատումը, գտնվում են Ռուսաստանի Գլխավոր շտաբում։

«Հիմնվելով այդ քարտեզների վրա՝ պետք է հանգիստ նստել երկու կողմերով, այնտեղ կան փոխադարձ փոխզիջումներ պահանջող բաներ. ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել… Միայն այնպես, որ դա ճանաչվի և շահավետ լինի երկու կողմերի համար», -հայտարարեց Պուտինը։

Ինչ վերաբերում է բուն «անկլավների» թեմային, դրա էմոցիոնալ և գործնական նշանակությանը, ապա պետք է նշել, որ ռազմավարական տեսանկյունից Հայաստանի վերահսկողության տակ գտնվող «անկլավներ» Տիգրանաշենը և Ոսկեպարը շատ ավելի կարևոր են, քան Արծվաշենը։

• Տիգրանաշեն․ գյուղով է անցնում դեպի Սյունիք, Արցախ և Իրան տանող առանցքային ճանապարհը։ Դրա կորուստը Հայաստանը կկտրի Սյունիքից ու Արցախից (թողնելով միայն մեկ երթուղի՝ Վեդիով), Ադրբեջանն էլ կստանա «պլացդարմ» ՀՀ կենտրոնական հատվածի վրա հարձակվելու համար։

• Ոսկեպար. գյուղի նկատմամբ վերահսկողությունն ապահովում է դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհի և գազատարի (Կարմիր կամուրջ-Սևքար -Բերդ ուղի) անվտանգությունը, որն, «անկլավի» կորստի դեպքում, կհայտնվի ադրբեջանական զենքերի հասանելիության գոտում, ինչը կարող է հանգեցնել էներգետիկ շրջափակման։

Այս տարածքների կորուստը հսկայական լոգիստիկ և էներգետիկ ռիսկեր է պարունակում։ «Անկլավների» հնարավոր փոխանակումը, ներառյալ Արծվաշենը (որը գտնվում է հայկական սահմանից 15 կմ հեռավորության վրա և ունի մատակարարման ու անվտանգության հետ կապվաղ բարդ լուծվող հարցեր), չի դադարեցնի հակամարտությունը։ Ընդհակառակը, այս տարածքները շատ արագ կվերածվեն երկու կողմերի համար «ռազմական պլացդարմների»։ Սա կծառայի որպես հակամարտության նոր հիմք և կարող է փաստարկ դառնալ Երևանի համար՝ մերժելու Բաքվի փոխանակման պահանջները։

Հ.Գ. Ի դեպ, ինչո՞ւ Փաշինյանը ոչինչ չի ասում Ջերմուկի մոտ գտնվող 2022 թվականից օկուպացված տարածքների մասին։ Նա նույնիսկ չի համարձակվում խոսել դրանց «փոխանակման» մասին։ Ինչո՞ւ։

Մտածե՛ք այդ մասին․.․»։