Կոլեգիալ մարմինները շահերի հավասարակշռման միակ օղակն են. Միքայել Սողոմոնյան

17 Նոյեմբերի 2025, 14:48

Տնտեսություն և Բիզնես

Կոլեգիալ մարմինները շահերի հավասարակշռման միակ օղակն են, և դժվարագույն ճյուղերը չեն կարող կարգավորվել մեկ պաշտոնյայի կողմից: Այս մասին ՀԷՑ-ի՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասել է «Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչ Միքայել Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ կոլեգիալ մարմինները միակ մեխանիզմն են պետության, սպառողի և տնտեսվարողի հակասող շահերը հավասարակշռելու համար։

«Հենց այդ շահերի բախումը ստիպում է պետություններին ստեղծել շահերի միակ հավասարակշռման կետը, օղակը՝ կոլեգիալ կարգավորող մարմինների տեսքով: Բնական մենաշնորհ համարվող բարդագույն տնտեսական ճյուղերը չեն կարող կարգավորվել մեկ պաշտոնյայի կողմից»,- ասել է Սողոմոնյանը:

Նա նշել է, որ ՀՀ-ում երկու հիմնական անկախ կարգավորող մարմինները՝ ՀԾԿՀ-ն և Կենտրոնական բանկը, մինչ օրս կոլեգիալ են։ «Հիմա հարց է առաջանում՝ եթե օրենսդիրը, պետությունը, որոշում է կարգավորողների նկատմամբ կիրառել որոշակի առանձնահատուկ մոտեցում, ինչո՞ւ նույն սկզբունքը չի կիրառում մյուս կարգավորող մարմնի, օրինակ՝ ԿԲ-ի նկատմամբ: Օրինակ, կարող է առաջնահերթություն առաջանալ ֆինանսների նախարարության հաղորդման հիման վրա՝ հանձնարարել Կենտրոնական բանկի նախագահին դադարեցնել բանկերից մեկի լիցենզիան»,- հավելել է Սողոմոնյանը: