Չեմ կարծում՝ կգտնվի որևէ լուրջ ընկերություն, որը կցանկանա այս իրավիճակում կառավարել ՀԷՑ-ը․ Միքայել Սողոմոնյան
17 Նոյեմբերի 2025, 23:25
«Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչ Միքայել Սողոմոնյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը լիցենզիայից զրկելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմանը և դրան հաջորդող գործընթացներին։
Հարցին՝ ընկերությունը կվիճարկի՞ որոշումը, Միքայել Սողոմոնյանը պատասխանել է. «Իհարկե, կարծում եմ, կվիճարկվի։ Դրա համար որոշակի ժամկետ է պետք։ Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, հստակ բան չեմ կարող ասել, քանի որ սա թե՛ իրավագիտության, թե՛ տնտեսագիտության տեսանկյունից աննախադեպ երևույթ է, և այս փուլում հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ քայլեր կլինեն»։
«Տաշիր Կապիտալ»-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս պրոցեսն ընդհանրապես չպետք է տեղի ունենար՝ հաշվի առնելով Արբիտրաժային դատարանի միջանկյալ վճիռը։ «ՀՀ-ն՝ ի դեմս ՀԾԿՀ-ի, անհասկանալի պատճառներով չի ընդունում այդ արբիտրաժային որոշումը»,- ասել է Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ պատասխանատվությունը դրված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի վրա, քանի որ օրենսդրական աղմկահարույց նախաձեռնությունների արդյունքում որոշում է ընդունվել, որով գործընթացը նախաձեռնել է հենց հանձնաժողովի նախագահը։
Անդրադառնալով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի այն հայտարարությանը, թե ՀԷՑ-ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելուց հետո պետությունն ու ՀԷՑ-ի սեփականատերը կամ տնօրենների խորհուրդը պետք է բանակցություններ վարեն՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցի շուրջ, Միքայել Սողոմոնյանը նշել է, որ չի ցանկանում մտնել այդ տիրույթ, քանի որ չի կարող տեղեկատվություն ներկայացնել գնահատման գործընթացի մասին։ Միաժամանակ նա ընդգծել է Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը, որտեղ ֆիքսված է՝ «զերծ մնալ թե՛ օտարման, թե՛ ժամանակավոր կառավարչի նշանակման գործողություններից»։
«Ես չեմ կարծում, որ կգտնվի որևէ լուրջ ընկերություն և՛ Հայաստանում, և՛ միջազգային ասպարեզում, որը կուզենա այս իրավիճակում կառավարել ՀԷՑ-ը։ Այսինքն՝ պետությունը կատարել է մի գործողություն՝ ի դեմս կարգավորող մարմնի, որը Միջազգային արբիտրաժային դատարանն արգելել է»,- հավելել է նա։
Խոսելով հանրությանը հուզող՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության հարցի մասին, Սողոմոնյանը կանխատեսումներից զերծ է մնացել՝ պատճառաբանելով իրավական դաշտի անորոշությունները։
Մանրամասները տեսանյութում։