ՀՆԱ-ի աճի դրայվերները շինարարությունն ու ծառայություններն են
25 Նոյեմբերի 2025, 18:35
Հայաստանի տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է 6,2%-ով։ Թեև ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակի 6,4% աճից հետո որոշակի դանդաղում է, այնուամենայնիվ ցուցանիշը շարունակում է բարձր մակարդակում մնալ։
Որոնք են Հայաստանի տնտեսության բարձր աճի դրայվերները․ ուսումնասիրենք ՀՆԱ-ի 2025 թվականի երրորդ եռամսյակի կառուցվածքը։
ՀՆԱ-ի եռամսյակային կառուցվածքում առաջատար ուղղություններ են առևտուրը՝ 12,7 %, գյուղատնտեսությունը՝ 10,8 %, մշակող արդյունաբերությունը՝ 9,9%, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 8,3 % և շինարարությունը՝ 7,2 % մասնաբաժիններով։
ՀՆԱ-ի կառուցվածքում հատկապես ուրախալի է գյուղատնտեսության աճը։ Այս հանգամանքը հատուկ ուշադրության արժանի է՝ հաշվի առնելով թե՛ ոլորտի կարևորությունը, թե՛ տևական ժամանակ պահպանված բացասական միտումները։ Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ցուցանիշները միաժամանակ պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու, թե ինչ ազդեցությունների հետ գործ ունենք։
Եվ, այնուամենայնիվ, ինչի՞ մասին է վկայում ՀՆԱ կառուցվածքը։
Թեև կառուցվածքի ուսումնասիրությունը ևս ցուցադրում է առևտրի, շինարարության, ծառայությունների զգալի մասնաբաժինը, նորից հիշեցնենք, որ գյուղատնտեսության աճին վերապահումով ենք վերաբերվում, տնտեսության աճի դրայվերները նախորդ ժամանակաշրջանի հետ ՀՆԱ-ի աճի համեմատությունն է բացահայտում։
Եվ այսպես, ՀՆԱ-ի 6,2% աճին մեծապես նպաստել են շինարարության ոլորտը՝ 24,6% աճով և ծառայությունները ( տեղեկատվություն և կապ՝ 17,6 %, ֆինանսական ծառայություններ՝ 10,5 %)։ Գյուղատնտեսության աճը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ 3,7% է, մշակող արդյունաբերության դեպքում աճն ավելի համեստ է՝ 1,9%։
Փաստացի, ՀՀ բարձր ՀՆԱ աճի դրայվերները շինաարությունն ու ծառայություններն են։ Երկուսի աճն էլ պայմանավորված է որոշակի հստակ ազդեցություններով, որոնք ժամանակավոր բնույթ ունեն։
Սա չի ենթադրում, որ հետագայում նոր գործոններ չեն առաջանա նույն ոլորտների աճը պահելու համար, սակայն սա նշանակում է, որ այսօրվա աճն առնվազն այս պահին կայուն չէ։ Իսկ մշակող արդյունաբերության համեստ արդյունքները շինարարության ու ծառայությունների երկնիշ աճի կողքին, իհարկե, դեինդուստրիալիզացիայի (ապաարդյունաբերացում) վտանգներ է պարունակում, ինչը ենթադրում է տնտեսության աճի դիվերսիֆիկացիայի լուծմանն ուղղված գործողություններ։