Ռուսաստանը հիմա խոսում է հաղթող պետության դիրքերից. Պավել Դուբրավսկի
28 Նոյեմբերի 2025, 00:20
Քաղտեխնոլոգ, «Դուբրավսկի Քոնսալթինգ»-ի ղեկավար Պավել Դուբրավսկին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրին։
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանն այժմ խոսում է հաղթող պետության դիրքերից։
«Ես կարծում եմ, որ նախ և առաջ պետք է սպասել պաշտոնական ազդանշանների, որոնք կլինեն երեք կողմերից։ Հիմա ես կկենտրոնանայի ռուսական կողմի վրա, քանի որ Ուիթկոֆի հետ սպասվող հանդիպումը, որը կարծես թե դեռ չի չեղարկվել, չնայած որոշ լրատվամիջոցներ հակառակն են գրել, շատ ցուցադրական հանդիպում է։ Մենք կիմանանք Ռուսաստանի դիրքորոշումը, քանի որ ՌԴ-ն հասկանում է՝ նման համաձայնագրերը ենթադրում են, որ ինչ-որ տեղ պետք է փոխզիջման գնալ, իսկ ինչ-որ տեղ, ընդհակառակը, հրաժարվել և վերջնագրեր ներկայացնել»,- ասել է Դուբրավսկին։
Փորձագետի խոսքով՝ այս պահին Ռուսաստանը երկու սցենար ունի, երկուսն էլ, ըստ նրա, շահեկան են։
«Տարբերակ առաջին՝ Ռուսաստանը կարող է ձգձգել բանակցությունները, որպեսզի հետո դրանք ավելի շահավետ անցկացնի, ավելի ուժեղ դիրքորոշմամբ՝ ելնելով այն բանից, թե ինչ է կատարվում տեղում, մարտի դաշտում։ Երկրորդ տարբերակը համաձայնագրին համաձայնելն է»,- եզրափակել է Դուբրավսկին։