Հայաստանի հասարակության ներսում դեռևս առկա է լուրջ պառակտում․ եվրապատգամավոր

28 Նոյեմբերի 2025, 21:45

Քաղաքականություն

Եվրանեսթի նիստը ցույց տվեց, որ մենք իսկապես կարող ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության և Հայաստանի միջև՝ հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ առաջին հերթին ժողովրդավարական, ինչպես նաև ընդհանուր քաղաքական նպատակների վրա, ներառյալ Ռուսաստանին զսպելը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լուկաս Սիփերը՝ ամփոփելով Երևանում հոկտեմբերի վերջին կայացած Եվրանեսթի նիստի արդյունքները։

«Միաժամանակ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի հասարակության ներսում դեռևս պահպանվում է լուրջ պառակտում քաղաքական զարգացումների և բուն ժողովրդավարության ընկալման հարցերում։ Մենք տեսանք, որ Հայաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունները բավականին կոշտ քաղաքական պայքար էին մղում Եվրանեսթի լիագումար նիստի ընթացքում։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Եվրամիության խնդիրն է չմիջամտել ներքաղաքական պայքարին, այլ ուշադիր հետևել գործընթացներին։ Սա նշանակում է, որ մենք պետք է լսենք երկու կողմերին. վստահել կառավարությանը, թե ինչպես է այն իրականացնում ժողովրդավարական ընթացակարգերը, բայց միևնույն ժամանակ լրջորեն վերաբերվել նաև ընդդիմության կողմից հնչող քննադատությանը։

Ես չէի ասի, որ ռուսական գործոնը ուղղակիորեն կապված է երկրի ներքին քաղաքականության հետ, թեև լսել եմ, որ հայկական քաղաքականության որոշ ասպեկտներ այսպես թե այնպես կապված են Ռուսաստանի հետ։ Ես Ռուսաստանը նշեցի, նախևառաջ, որովհետև Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանին զսպելու դիրքորոշումը Եվրանեսթի հանդիպման շրջանակներում քննարկվող թեմաներից էին։ Եվ այս հարցերում հայկական և եվրոպական կողմերը նմանատիպ տեսակետներ ունեին», — ամփոփել է նա։