«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցի

05 Դեկտեմբերի 2025, 15:44

Սպորտ

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստները՝ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Նազար Պետրոսյանը, Ալեքսանդր Միրզոյանը և Ալբերտ Սարգսյանը, Մոսկվայում այցելել են հայկական եկեղեցական համալիր։

Նրանց դիմավորել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը:

«Ձեր անունները ոսկե տառերով են գրված հայկական սպորտի պատմության մեջ։ Դուք ոգեշնչման աղբյուր եք դարձել բազմաթիվ սերունդների համար», ասել է թեմի առաջնորդը:

Թեմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում հիշել են նաև ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին՝ նշելով, որ նա ոչ միայն մեծագույն մարզիկ էր, այլև աստվածապաշտ քրիստոնյա և իսկական հայ՝ նվիրված հայրենիքին և ժողովրդին։