Թուրքիայում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների միջև ծեծկռտուք է եղել

12 Մայիսի 2023, 00:00

Քաղաքականություն

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) և Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է ermenihaber.am-ը:

Դեպքը եղել է Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքի Ֆեվզի Չաքմաք փողոցում, երբ երկու կուսակցությունների անդամներն իրականցրել են նախընտրական աշխատանքներ:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության միջամտության հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 3 անձ, որոնք հոսպիտալացվել են։

Գազիանթեփի բնակիչ, պատգամավորի ԺՀԿ թեկնածու, փաստաբան Հասան Օզթուրքմենը դեպքը որակել է որպես ԱԶԿ-ականների հարձակում նախընտրական բուկլետ բաժանող ԺՀԿ անդամ երիտասարդների վրա:

Օզթուրքմենը պնդել է նաև, որ 3 վիրավորներից մեկը՝ ԺՀԿ երիտասարդական թևի ղեկավարը, հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանական մահակով հարված ստանալուց հետո:

Թուրքական պետական լրատվական «Anadolu»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած դեպքի առթիվ ձերբակալվել է երկու, իսկ կալանավորվել մեկ անձ:

Կալանավորված անձը Շեհիթքամիլ քաղաքի ավագանու ԺՀԿ անդամ Էրսին Աթարն է, ով վիճաբանության ժամանակ ատրճանակով օդ էր կրակել: