Ի՞նչ եք անելու, եթե սփյուռքահայերի 10-ը տոկոսը գա Հայաստան և սկսի հարցեր տալ. Կալինինգրադի հայ համայնքը՝ ՀՀ իշխանությանը

01 Օգոստոսի 2023, 00:10

Քաղաքականություն

Կալինինգրադի հայերը համացանցում տեսանյութ են հրապարակել, որում դիմում են Հայաստանի իշխանություններին։ Հայկական եկեղեցու մոտ արված տեսանյութում Կալինինգրադի մարզի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի բնակիչներին:

«Հավաքվել ենք Արցախի մեր քույրերին ու եղբայրներին զորակցության խոսքեր ասելու։ Մեր ակցիան հանրահավաք չէ և չունի քաղաքական երանգ։ Մեր եղբայրներն ու քույրերն Արցախում են։ Այս ծանր ժամանակահատվածում մենք ուզում ենք ձեզ ասել, որ հոգով ու սրտով մենք ձեզ հետ ենք, և Աստված մեզ հետ է», — ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա դիմել է հայաստանյան իշխանություններին՝ նշելով, որ Սփյուռքում հայերն անչափ ավելի շատ են, քան բուն Հայաստանում։ «Դուք մշտապես խոսում և գործում եք հայ ժողովրդի անունից։ Ի՞նչ եք անելու, եթե սփյուռքահայերի գոնե 10%-ը գա Հայաստան և սկսի հարցեր տալ: Մտածե՛ք այդ մասին», — ասել է ակցիայի մասնակիցը։