Նման հարց որևէ մեկի հետ չեմ քննարկել․Փաշինյանը՝ Կճոյանին տեղապահ նշանակելու մասին

18 Դեկտեմբերի 2025, 14:20

Քաղաքականություն

Առաջիկա կիրակի օրվա հետ կապված՝ հարցեր կան, որովհետև ես այց ունեմ և պետք է մեկնեմ միջազգային միջոցառման: Հիմա պետք է փորձենք տեսնել՝ ինչպես անենք, որ այնտեղ էլ չուշանամ: ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, և պետք է մեկնեմ, որը շատ շուտ էր պլանավորված, հակառակ դեպքում այլ կերպ կպայմանավորվեինք: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկա կիրակի որտեղ է մասնակցելու պատարագին, հնարավո՞ր է՝ դա լինի Էջմիածինը:

Մեկ այլ դիտարկմանը ի պատասխան, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կաթողիկոսի տեղապահ նշանակել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, վարչապետը հայտարարեց՝ ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի: Իսկ եթե կարծիք հարցնեն, կարտահայտի իր դիրքորոշումը;

Փաշինյանը նաև ընդգծեց՝ նրանք, ովքեր այլ դիտանկյունից են նայում հարցին, սխալ են հասկանում իրավիճակը, քանի որ իր օրակարգը բացառապես հոգևոր է և բովանդակային, իսկ անձերի հետ առնչվում է այնքանով, ինչքանով առնչվում է հոգևոր բովանդակության հետ:

«Այս օրակարգում ես չեմ հետապնդում ինտրիգներ, եթե ինտրիգներ հետապնդելու լինեի, շատ վաղուցվանից շատ ձևեր և տարբերակներ կային, ես կգնայի այդ տարբերակով:

Ո՛չ, ձեր հարցի ուղիղ պատասխանն է՝ ո՛չ: Ես հերքում եմ ընդհանրապես, որ ես մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին: Ես հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ:

Տեղապահի մասին էլ, եթե կարծիք հայտնեն, չեմ փախչի, կասեմ: Ովքեր ընտրության լիազորություն ունեն, ինձ հարցնեն կարծիք, կասեմ, չեն հարցնի՝ չեմ էլ ասի… Եթե հիմա ես կարծիք արտահայտեմ պոտենցիալ որևէ թեկնածուի վերաբերյալ (ինչքան գիտեմ՝ ցանկացած եպիսկոպոս կարող է լինել), կնշանակի՝ կխախտեմ այն սկզբունքը, որ ես չեմ խառնվում այդ գործերին:

Այ, դուք, եթե եպիսկոպոսաց ժողովի մասնակից լինեիք, հարցնեիք, կպատասխանեի: Երբ այդ լիազորությունն ունենաք, խոստանում եմ՝ կպատասխանեմ»,- ասաց նա:

Հիմա եթերում