Բրյուսելը հակադարձում է Բաքվին
12 Մայիսի 2023, 00:35
Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին` Եվրամիությունը վերահաստատում է` համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:
«Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել` պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, և որ դրան զուգորդելու է հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», — «Ազատությանը» հայտնել է Միշելի խոսնակը։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Ավելին, նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ-պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։
«Մենք հայտարարել ենք, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Սակայն, վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել», — ասել էր Այխան Հաջիզադեն։
Բրյուսելից, մինչդեռ, հակադարձում են, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել և’ Շառլ Միշելի մասնակցությամբ, և’ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: «Մենք պատրաստվում ենք դրանց անցկացմանը», — «Ազատությանն» ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակ Բերենդ Լեյցը։