Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար. Սամանթա Փաուեր

01 Օգոստոսի 2023, 11:15

Քաղաքականություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Twitter–ի իր էջում գրել է՝ Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում։

Նա ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` օրերս կատարած գրառումը, որով պետքարտուղարը խոր մտահոգություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ։

Փաուերը շեշտել է, որ Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։

«Ես միանում եմ Էնթոնի Բլինքենի կոչին` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տարանցման համար»,– գրել է գործակալության ղեկավարը։

Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հուլիսի 31-ի ճեպազրույցում նշել էր, որ ԱՄՆ–ն շարունակում է հավատալ խաղաղության պայմանագրի հնարավորությանը։ Նա ընդգծել էր, որ դրա համար երկու կողմերն էլ` Երևանն ու Բաքուն, պետք է դժվարին փոխզիջումների գնան, և Բլինկենն անձամբ է ներգրավված բանակցությունների գործընթացում` քաջալերելու համար առաջնորդներին հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։