Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ, այլ ձեզ իշխանությունից հեռացնելը. Իշխան Սաղաթելյան

20 Հոկտեմբերի 2026, 23:30

Քաղաքականություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է քաղաքական բռնաճնշումներ կազմակերպելու և ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի ճնշումներ գործադրելու մեջ։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ իրավապահ համակարգի անօրինական գործողությունների և քաղաքական ընդդիմախոսների հետապնդումների ուղղակի պատասխանատվությունը կրում է անձամբ կառավարության ղեկավարը։

Այս հայտարարությամբ Սաղաթելյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին պնդումներին, որտեղ վարչապետն առաջարկել էր ընտրություններին ընդառաջ ճնշումների ենթարկվող քաղաքական ուժերին ու թեկնածուներին դիմել իրեն՝ խոստանալով հրապարակայնորեն պատժել ապօրինություններ թույլ տվողներին։

«Եթե կոնկրետ փաստեր ես ուզում, բացիր քո WhatsApp-ը, նայիր քո տված հրահանգներին, հետո՝ դրանց կատարման վերաբերյալ քեզ ներկայացված հաշվետվություններին։ Եվ կհասկանաս, թե քանի մարդկանց մասին է խոսքը»,- դիմելով Փաշինյանին՝ նշել է Սաղաթելյանը։

Պատգամավորը վարչապետին կոչ է արել ուշադրություն դարձնել ազատազրկման վայրերում գտնվող քաղբանտարկյալների թվին, ինչպես նաև այն ընդդիմադիր համայնքապետերին, որոնք ընտրություններից հետո հայտնվել են անազատության մեջ։

Բացի այդ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մատնանշել է այն դեպքերը, երբ իշխանություններին նախկինում կոշտ քննադատության ենթարկած որոշ գործիչներ հետագայում քաղաքական դաշինքներ են կազմել իշխող ուժի հետ։ Ըստ Սաղաթելյանի՝ անհրաժեշտ է վերլուծել նման կտրուկ դիրքորոշման փոփոխության պատճառները և պարզել՝ արդյոք դրանց հիմքում ընկած չեն իշխանական ծանրակշիռ լծակներով իրականացված շանտաժն ու սպառնալիքները։

Ամփոփելով խոսքը՝ Իշխան Սաղաթելյանը ընդգծել է․ եթե կառավարության ղեկավարն իսկապես մտադիր է պատժել անօրինականությունների և քաղաքական ճնշումների հեղինակներին, ապա այդ գործընթացը պետք է սկսի հենց իրենից։

Հիմա եթերում