Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Մոսկվան շարունակում է օգնել արցախցիներին, իսկ Ալիևը հրաժարվում է մեկնել ՌԴ

23 Դեկտեմբերի 2025, 19:30

(Ճգնաժամի ևս մեկ փուլ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում)

«2025 թվականի դեկտեմբերը նշանավորվեց Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի հերթական հստակ դրսևորմամբ։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Իլհամ Ալիևի չմասնակցելը, որը պաշտոնապես բացատրվել է «խիտ աշխատանքային գրաֆիկով», դիվանագիտական իրականության մեջ ցուցադրական դեմարշ է թվում։ Նրա բացակայությունն ընդգծում է կուտակված հակասությունների խորությունը, որոնք դուրս են գալիս արարողակարգային ձևականությունների շրջանակից և չէին հարթվել Դուշանբեում երկու առաջնորդների հանդիպման ժամանակ։

Ընթացիկ սրացման գլխավոր դրդապատճառներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, դարձավ նույնիսկ ոչ թե Ռուսաստանի՝ TRIPP նախագծին միանալու ցանկությունը, այլ տարածաշրջանում ռուսական հումանիտար քաղաքականության ակտիվացումը։ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագիծը, որն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կողմից՝ գործակալության ղեկավարի տեղակալ Իգոր Չայկայի գլխավորությամբ, պաշտոնապես երկարաձգվել է մինչև 2026 թվականի վերջ (ընդհանուր առմամբ, 2025 թվականի գարնանը Չայկայի նշանակումը դարձավ Մոսկվայի՝ «փափուկ ուժի» նոր ռազմավարությանն ու տարածաշրջանում համակարգային ներկայությանն անցնելու ցուցիչներից մեկը)։

Բաքվում առանձնակի դժգոհություն է առաջացնում այն փաստը, որ օգնությունն ուղղված է հենց Արցախի Հանրապետությունից տեղահանված փախստականներին։ Ադրբեջանական կողմը կտրուկ դեմ է ցանկացած գործունեության, որն աջակցում է արցախցիների սուբյեկտայնությանը։ Պաշտոնական Բաքուն սրանում տեսնում է Մոսկվայի փորձը՝ «վերակենդանացնելու» Ղարաբաղյան հարցը։ Ռուսական կառույցների կողմից տեղահանվածների անձնական տվյալների հավաքագրումն ադրբեջանցի փորձագետների կողմից ընկալվում է որպես «ապագա քաղաքական մանիպուլյացիաների» համար բազայի ստեղծում։

Ռուսական հումանիտար ներկայության առանցքային գործիքներից մեկը դարձավ (ԱՆՕ) «Եվրասիայի» գործունեությունը, որը «Ռուսական հումանիտար առաքելության» հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ օգնության լայն ցանց է ծավալել ողջ Հայաստանում։ Աշխատանքը կրում է ոչ թե միանգամյա, այլ խորը համակարգային բնույթ։ Որպես ցայտուն օրինակ է ծառայում Հրազդան քաղաքը, որտեղ միայն վերջին շրջանում օգնություն է ստացել 350 ընտանիք։ Ծրագրի ընդհանուր ընդգրկվածությունն այս պահին տպավորիչ է. աջակցությունը հասել է երկրի տարբեր մարզերի 5730 ընտանիքի։ Սննդի փաթեթների և առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրումն ուղեկցվում է տեղերում կամավորական շտաբների աշխատանքով։

Բաքուն սա ընկալում է որպես «Հայաստանի սոցիալական հյուսվածքում» ամրապնդվելու միջոց, ինչպես նաև որպես ուղղակի ապացույց այն բանի, որ Ռուսաստանը մտադիր չէ իր օրակարգից հանել «արցախյան թղթածրարը»։

Հայաստանի Հանրապետության համար Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի այս փուլն ունի կարևոր ֆունկցիոնալ նշանակություն։ Քանի դեռ Բաքուն դիվանագիտական ռեսուրսները ծախսում է ռուսական հումանիտար նախաձեռնություններին հակազդելու վրա, Երևանի նկատմամբ ուժային ճնշում գործադրելու նրա հնարավորությունները որոշակիորեն սահմանափակվում են Մոսկվային հաշվի առնելու անհրաժեշտությամբ։

Ադրբեջանում հստակ հասկանում են. քանի դեռ գոյություն ունի Արցախից տեղահանվածներին ուղղված համակարգային օգնությունը, Արցախի Հանրապետության հարցը չի կարող վերջնականապես փակված համարվել։ Արցախյան օրակարգի պահպանումը միջազգային և տարածաշրջանային օրակարգում, թեկուզ հումանիտար հարթությունում, հանդիսանում է Բաքվի տարածքային նկրտումները և «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացումը զսպող գործոն։

2025 թվականի վերջին ստեղծված իրավիճակը պարադոքսալ տեսք ունի.

այն դեպքում, երբ ադրբեջանական իշխանությունները փորձում են հայ հասարակությանը պարտադրել հայելային մոտեցում՝ պահանջելով «ադրբեջանցիների վերադարձ Երևան և Զանգեզուր», Ռուսաստանը՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և «Եվրասիա» կազմակերպության միջոցով, փաստացիորեն արգելափակում է Արցախի Հանրապետության հիշատակումը վերջնականապես ջնջելու Բաքվի փորձերը։

Երևանի համար հարևանների միջև ընթացիկ հակամարտությունը պարզապես դիվանագիտական միջադեպ չէ, այլ ռազմավարական հնարավորությունների պատուհան, որը թույլ է տալիս ապահովել երկրի անվտանգությունը՝ հենվելով առանցքային հարևանների և տարածաշրջանային խաղացողների միջև աճող հակասությունների վրա։ Սակայն դրա համար հենց Երևանին անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ…

Մտածե՛ք այդ մասին․․․»։