Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին
30 Դեկտեմբերի 2025, 11:15
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին: Այս մասին հայտնել է փաստաբան Սոս Հակոբյանը:
Ավելի վաղ Արթուր Վանեցյանտ գրել էր, որ իրեն անհայտ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Խաչիկ Գալստյանի բնակարանը։
«Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ»,-գրել է նա։
Ավելի ուշ «Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը հայտնել է, որ ձերբակալել են նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը։
Քիչ առաջ NEWS.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, թե ինչի մեջ են մեղադրվում «Հայրենիք» կուսակցության անդամները. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:
«Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»,–ասել են Կոմիտիեց։