Ինչպիսին է ապագան լինելու՝ որոշելու է ինքը՝ հայ ժողովուրդը․ Սամվել Կարապետյան
31 Դեկտեմբերի 2025, 22:26
Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական հետևանքներ են ունենալու մեր ազգի ապագայի վրա։ Այս մասին ասված է դեկտեմբերի 15-ին ԱԱԾ մեկուսարանից հրապարակված Սամվել Կարապետյանի հոդվածում։
«Ինչպիսին է այդ ապագան լինելու՝ որոշելու է ինքը՝ հայ ժողովուրդը։ Գիտեք, որ փոքրիկ խմբակն ու դրա ղեկավարը առաջարկում են այդ ապագայի իրենց պատկերը։ Չնայած բոլոր արհավիրքներին ու խայտառակ ձախողումներին թող Նիկոլը մնա իշխանության ու ինչու նա պետք է երրորդ ժամկետի մնա՝ պարզ չէ։
Բայց այս ամենն արձանագրելը նորություն չէ։ Կարծում եմ ավելի կարևոր է այլընտրանք առաջարկելը։ Ապրածս կյանքի, բարի համբավի ու արված գործերի հիմքի վրա դրված ապագայի պատկեր առաջարկել։ Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության, բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։
Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ Մենք կրկին պետք է մի մեծ ընտանիք դառնանք, ուր յուրաքանչյուրը իրական սիրո և համերաշխության մթնոլորտում զբաղվում է իր գործով ու շենացնում հայրենի տունը։ Հասկանալի է, որ այսպես թե այնպես՝ ապագան գալու է։ Այլ հարց է, որ մենք՝ հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք։ Արդար, բարեկեցիկ, հարուստ, խաղաղ ու համերաշխ Հայաստանի Հանրապետության ապագան»,- ասված էր Կարապետյանի ուղերձում:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը կիրառել է համակցված խափանման միջոց գրավ և տնային կալանք։ Բացի այս դատարանը սահմանափակել է Սամվել Կարապետյանի խոսքի ազատությունը և կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում․ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով: Այս սահմանափակումը առկա չի եղել նույնիսկ կալանքի պայմաններում: